Պատերազմին հաղթած սերը․ հարսանիք Ստեփանակերտում
Աջակցիր «Ա1+»-ին22-ամյա Մարիամը չի թաքցնում երջանկությունը։ Ժպտում է, հետեւում լուսանկարչի հրահանգներին, որ իր կյանքի կարեւորագույն փուլի մեկնարկը փաստող լուսանկարներն արտահայտեն իր զգացողությունները։
Ստեփանակերտցի Մարիամն այսօր հարսնացավ։ Էլ Պետրոսյան չի, արդեն Ավանեսյան է,- կատակում է փեսայի հարազատներից մեկը, որը մասնակցում է ընտանեկան փոքր հավաքույթին։
Ստեփանակերտի տներից մեկում սեղան են գցել․ առանց դհոլ -զուռնայի հարսին տուն բերել եւ բաժակ են բարձրացնում, որ գոնե նորապսակների ապագա երեխաները պատերազմ չտեսնեն։
Եթե պատերազմը չլիներ, ապա Էրիկը Մարիամին իր տուն տարած կլիներ դեռեւս հոկտեմբերի 19-ին։ Հարսանիքը Շուշիում պիտի լիներ՝ պսակադրությունը Ղազաչենցոց եկեղեցում, հավաքույթն էլ՝ տեղի ռեստորաններից մեկում։
24-ամյա փեսան՝ Էրիկը, քչախոս է, հարցերին էլ պատասխանում է շատ կարճ՝ թաքցնելով զգացումները։
Բայց 44-օրյա պատերազմին առնչվող մի հարցի ժամանակ բառերը պոկվում են․ «Այնքան ընկեր եմ կորցրել»,- ու նորից լռում է։
Էրիկի հայրը՝ 54-ամյա Աշոտ Ավանեսյանը , պատմում է, որ ինքն էլ ընտանիք է կազմել Արցախյան առաջին պատերազմից հետո, ու ամբողջովին պատկերացնում է նորապսակների զգացողություններն ու սպասվող դժվարությունները։
«Կյանքը շարունակվում է»,- ասում է նա՝ նորապսակներին մաղթելով երջանկություն։
Էրիկն ասում է՝ Արցախում է միայն պատկերացնում իր նորաստեղծ ընտանիքի ապագան։ Նա տնտեսագիտություն է սովորում, ուսանող է նաեւ նրա ընտրյալը։ «Ֆիզիոլոգիա եմ սովորում»,- ասում է Մարիամը եւ ավելացնում՝ Էրիկը Ագրարային համալսարի Շուշիի մասնաճյուղում էր սովորում, վերջին իրադարձություններից հետո բուհը, բնականաբար, տեղափոխվեց Ստեփանակերտ։
Խաղաղությունը երջանկության մաղթանքից առաջ դնող ստեփանակերտցիները չեն կարծում, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորված է։
«Վերջնական լուծումը կլինի այն, որ ՄԱԿ-ը եւ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը»,- զրույցին միանում է ներկաներից Արմեն Թովմասյանը։ Իսկ այդ փաստը կընդունի՞ Ադրբեջանը։ Պատասխանը ժխտական է, բայց Արմենը վստահ է, եթե աշխարհը ճանաչի, Արդբեջանն այլ տարբերակ չի ունենալու։