Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսվում է ֆուտբոլային տոնահանդեսը

Սպորտ

Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետությունում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարը: Բացման խաղում դաշտի տերերը Յոհանեսբուրգի «Սոքեր Սիթի» ստադիոնում կընդունի Մեքսիկայի ազգային թիմին: Հանդիպումը կսկսի տեղի ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով` 19:00-ին):

Ինչպես նշում են մասնագետները, այս տարվա աշխարհի առաջնության բացման խաղում չկա ընդգծված ֆավորիտ, ինչպես 4 տարի առաջ էր, երբ Գերմանիայի հավաքականը իր հարկի տակ հյուրընկալել էր Կոստա Ռիկայի ազգային թիմին: ՀԱՀ-ի ընտրանին ոչ միայն աշխարհի, այլեւ Աֆրիկայի առաջատար հավաքականներից չէ, իսկ Մեքսիկայի թիմը աշխարհի առաջնություններին մասնակցելու մեծ փորձ ունի: Զարմանալի չէ, որ բուքմեյքերները հավասար են գնահատել կողմերի հնարավորությունները, հաղթանակի համար շնորհելով 2,7 գործակից:

«Այն, որ սա բացման խաղ է լինելու, հանդիպումը բոլորովին ուրիշ բնույթի է դառնում: Խաղադաշտում մենք ականատես կլինենք ոչ միայն մրցամարտի, այլեւ իսկական ճակատմարտի: Մեր թիմը լիովին պատրաստ է դրան», - խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարել է ՀԱՀ-ի հավաքականի գլխավոր մարզիչ, բրազիլացի մասնագետ Կառլոս Ալբերտո Պերերյրան: Ի դեպ, նա 5-րդ անգամ է իր գլխավորած թիմով մասնակցելու աշխարհի առաջնությանը, ընդ որում նախորդ չորս թիմերից միայն Բրազիլիայի ընտրանին է նրա օրոք հաղթանակներ տարել, իսկ ահա մնացածը (Քուվեյթ, ՄԱԷ, Սաուդյան Արաբիա) անհաջող են հանդես եկել եւ ժամանակից շուտ դուրս են մնացել պայքարից:

«Իմ թիմը ՀԱՀ է ժամանել ֆուտբոլ խաղալու, ոչ թե նոր ծանոթներ գտնելու համար: Ինչ վերաբերում է դաշտի տերերի հետ հանդիպմանը, ապա ես իմ փորձով գիտեմ, թե որքան դժվար է աշխարհի առաջնությունում հանդես գալ սեփական հարկի տակ: Մենք կձգտենք գեղեցիկ խաղ ցուցադրել եւ հաղթանակ տանել», - նշել է Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն:

Հավելենք, որ ՀԱՀ-ի եւ Մեքսիկայի հավաքականները մինչ այսօր միմյանց հետ հանդիպել են 3 անգամ: Երկու խաղում հաղթել են մեքսիկացիները, մեկում` հարավաֆրիկացիները:

Այսօր տեղի կունենա նաեւ Ֆրանսիա - Ուրուգվայ հանդիպումը: Բուքմեյքերների կարծիքով, այն կավարտվի ֆրանսիացիների հաղթանակով` 2,10 գործակիցն ընդդեմ 3,75-ի: