Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Հարությունյանը պարտվեց

Սպորտ

Հնդկական Մումբայ քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին մեր երկու շախմատիստներ Գեւորգ Հարությունյանը եւ Հրայր Սիմոնյանը:

Գեւորգ Հարությունյանը մրցաշարի վերջին` 11-րդ տուրից առաջ, մրցանակային տեղերի հավակնորդներից մեկն էր հանդիսանում, սակայն մեդալ նվաճելու համար նրան անհրաժեշտ էր անպայման հաղթել վերջին պարտիայում: Ավաղ, մեր շախմատիստը անվստահ անցկացրեց իր վերջին մրցամարտը եւ սպիտակներով զիջեց ռուսաստանցի Դմիտրի Բոչարովին: Այդպիսով, Գեւորգ Հարությունյանի ակտիվում մնաց նույն 7,5 միավորը, եւ նա զբաղեցրեց ընդամենը 22-րդ տեղը:

Հրայր Սիմոնյանը իր վերջին պարտիայում հաղթեց հնդիկ շախմատիստ Մաջումդար Չանդրաշին եւ 6,5 միավորով զբաղեցրեց 94-րդ տեղը:

Ինչպես եւ սպասվում էր, մրցաշարի հաղթող ճանաչվեց Դմիտրի Կոկարեւը (Ռուսաստան), որը գրոսմայստերական ոչ-ոքի արեց վերջին տուրում եւ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Երկրորդ-երրորդ տեղերը զբաղեցրին նույնպես ռուսաստանցի շախմատիստները` համապատասխանաբար Պավել Մալետինը եւ Ալեքսեյ Դրեեւը` 8,5-ական միավոր: