Գոհ չենք մի քանի մարզիկների ելույթներից. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած առցանց ասուլիսի ընթացքում խոսել են մեր թիմի վերջին ելույթների և առաջիկա անելիքների մասին:
«Աշխարհի գավաթի խաղարկության նախապատրաստական փուլը մեր նախագծածով չի անցել: Պատերազմական իրավիճակը թույլ չտվեց հավաք անցկացնել և մասնակցել միջազգային մրցաշարի: Պատրաստվեցինք մեր ձեռքի տակ առկա հնարավորությունների սահմաններում: Գոհ չենք մի քանի մարզիկների ելույթներից, իսկ ոմանց գոտեմարտերի վրա ազդեցություն ունեցան մրցավարները: Հավաքականի համար դեռևս հստակ չեն 2021 թվականի անելիքները: Հնարավոր է, որ Եվրոպայի առաջնությունը չանցկացվի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Անկախ կորոնավիրուսի հետագա տարածումից կամ Օլիմպիական խաղերը կանցկացվեն, թե ոչ, մենք պետք է պատրաստվենք խաղերին», - ասել է Գևորգ Ալեքսանյանը:
«Մեր առաջին խնդիրը մարզիկների համար մարզումային զույգեր գտնելն է, մասնավորապես ծանրքաշային Դավիթ Օվասափյանի, Արթուր Ալեքսանյանի համար: Կորոնավիրուսը և պատերազմը մեծ ազդեցություն թողեցին հավաքականի ելույթների վրա: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, մենք աշխարհի գավաթի խաղարկությունում կարող էինք ավելի լավ հանդես գալ և 2-3 ավել մեդալ նվաճել», - նշել է Սամվել Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում նվաճել է երկու մեդալ՝ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը արծաթե, իսկ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը` բրոնզե: Թիմային հաշվարկով մեր ընտրանին զբաղեցրել է 6-րդ տեղը: