Արմեն Սարգսյանն առաջարկում է սթափ նայել իրականությանը և միասին հաղթահարել դժվարությունները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի մի շարք կրթամշակութային և հասարակական-երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Հարցերը մասնավորապես վերաբերել են պատերազմից հետո Հայաստանի զարգացման տեսլականին և երկիրը հզորացնելու համար անհրաժեշտ քայլերին, ինչպես նաև կրթության դերին ու ոլորտի բարեփոխումներին, ազգային ու պատմամշակության ժառանգության պահպանմանը: «Մարդկային մեծ ողբերգությունը մոռանալ չի կարելի,- խոսելով 1988թ. ավերիչ երկրաշարժի մասին՝ ասել է նախագահ Սարգսյանը:-Ստիպված ենք առաջ նայել, որովհետև մեր երկիրը պետք է կառուցենք, Գյումրին, Սպիտակը, Վանաձորը պետք է կառուցենք: Ուրիշ ճանապարհ չունենք, բացի ոտքի կանգնելն ու առաջ գնալը»: Անդրադառնալով երկրում ստեղծված վիճակին՝ նախագահն ասել է, որ մենք ապրում ենք ճգնաժամային ժամանակաշրջանում, ընդ որում, խոսքը մի քանի ճգնաժամերի մասին է, որոնցից առաջինը պատերազմում կրած պարտությունն է։ Նախագահը մատնանշել է նաև ժողովրդագրական ճգնաժամը, մասնավորապես ընդգծելով, որ Արցախն անցած 26 տարում պետք է գոնե 3-4 անգամ ավելի շատ բնակիչ ունենար: «Պարտվել ենք նաև տեղեկատվական պատերազմում, որովհետև եթե հետևելու լինեք միջազգային հանրային կարծիքին, ապա կնկատեք, որ, ցավոք սրտի, մեր հակառակորդները, թշնամիները շատ ավելի լավ են աշխատել,- ասել է նախագահը:- Սա մեր չաշխատելու արդյունքն է: Տեղեկատվական պատերազմը շարունակվում է նաև այսօր: Մենք տեղեկատվական, հանրային կարծիքի պատերազմը պարտվել ենք նույնիսկ մեզ համար շատ կարևոր և բարեկամ երկրներում, նախ և առաջ՝ Ռուսաստանում, ինչպես նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում: Փոխանակ բոլորս միասին մասնակցենք այդ տեղեկատվական պատերազմին և փորձենք մեր վնասները հետ բերել, Հայաստանում և ազգային մասշտաբով զբաղված ենք իրար փնովելով, իրար վրա կեղտ լցնելով, իրար հայհոյելով: Այս հսկայական դժվարություններից և այս մեծ դժբախտությունից, հազարավոր կյանքեր կորցնելուց հետո շարունակում ենք զբաղվել դրանով»: