Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք արդեն Մոսկվայում են

Սպորտ

Հունիսի 4-12-ը Մոսկվայում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն աշխարհամասի 40 երկրների կաշվե ձեռնոցների վարպետները:

Հայաստանի հավաքականը մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար նախ ուսումնամարզումային հավաք է անցկացրել բարձրլեռնային Ծաղկաձորում, ապա հարթավայրային Կիեում: Ինչպես տեղեկացանք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, մեր թիմն այժմ գտնվում է Մոսկվայում եւ պատրաստվում կշռման ու վիճակահանության արարողություններին:

Հայաստանի հավաքականում ընդգրկված են 11 մարզիկներ, սակայն առաջնությանը կմասնակցեն նրանցից 10-ը: Ըստ նախնական տվյալների դրանք են Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Կարեն Այվազյանը (54 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ), Էդուարդ Համբարձումյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ), Ցոլակ Անանիկյանը (91 կգ): Մասնակիցների վերջնական կազմը հայտնի կդառնա հունիսի 5-ին, վիճակահանությունից հետո:

Հարկ է նշել, որ առաջնությանը կմասնակցեն եւս 5 հայազգի բռնցքամարտիկներ, սակայն եվրոպական այլ երկրների հավաքականներում: Ռուսաստանի դրոշի տակ հանդես կգա Դավիթ Հայրապետյանը (48 կգ), Բելառուսի` Վազգեն Սաֆարյանցը (60 կգ): Ալեքսան Չեչելյանը (48 կգ) կներկայացնի Վրաստանը, Արտյոմ Դալլաքյանը (51 կգ)` Ուկրաինան, Արսեն Ղուլամիրյանը (91 կգ)` Ֆրանսիան:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Մոսկվայի հանրահայտ «Մեգասպորտ» մարզադահլիճում, որտեղ ամեն տարի անցկացնում են բազում մարզական միջոցառումներ, ինչպես նաեւ կազմակերպել են համերգներ հայտնի երգիչների (Մայքլ Ջեքսոն) եւ խմբերի («Սկորպիոնս») մասնակցությամբ: