Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մարդիկ կան, որ հյուրանոցներում են բնակվում, հիմա պետք է ազատեն․ շուշեցիները մտահոգ են կացարանի խնդրով (տեսանյութ)

Շուշեցիներն այսօր հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ։

Նրանք հանդիպեցին ներկայացուցչության անդամների հետ։

 Շուշեցիներից Ստելա Միրզոյանն ասաց՝ չի ուզում մնալ Հայաստանում, կացարան ունենալու դեպքում կվերադառնան Արցախ, բայց իր երեխաներին և թոռներին Արցախ վերադարձնել այս փուլում չի ուզում։

Կինը պնդում է՝ մարդիկ կան, նկուղներում են ապրում, նրանց հարցը պետք է հրատապ լուծվի, եկել են հասկանալու՝ ինչ է սպասվում իրենց։

Հանդիպումից հետո Արցախի ներկայացուցչությունից Սերգեյ Ղազարյանն ասաց, որ քննարկել են հիմնականում շուշեցիների կեցության հարցը։

Շուշիից Նարինե Գրիգորյանն էլ ասաց՝ չեն հավաքվել բողոքելու, եկել են ներկայացնելու, որ կացարանի խնդիր ունեն․

«Մարդիկ կան, որ հյուրանոցներում են բնակվում և հիմա պետք է ազատեն»։

Գրիգորյանն ասաց՝ հիմա Ստեփանակերտ չի գնում, որովհետև վախենում է իր անվտանգության համար, նրա խոսքով՝ այս պահին առաջնահերթ է անվտանգության խնդիրը։

Տիկին Նարինեն մտահոգություն ունի չպայթած ռումբերի վերաբերյալ, ասում է՝ խորհուրդ է տալիս բոլորին չվերադառնալ Ստեփանակերտ, մինչև վերջնական ականազերման աշխատանքները չավարտվեն։

Շուշեցի կինը հայտնեց, որ քննարկվել է նաև արցախցիների աշխատանքի հարցը, խոստացել են, որ բոլոր կառույցներին կդիմեն՝ այս հարցը լուծելու համար։

 «Թեկուզ ավերեն Շուշին, էլի վերադարձնեն, էլի շուշեցիները գնալու են, վերակառուցեն, ապրեն»,-եզրափակեց Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ուսուցչուհին՝ խաղաղություն մաղթելով բոլորին։