Հայաստանի տարածքով անցնող միջանցքը ծառայելու է Ադրբեջանին ու Թուրքիային.Արտյոմ Տոնոյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ի զրուցակիցն է իրանագետ,ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանը:
-Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց,որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը և Նախիջևանը կապող երկու միջանցք է գործելու: Ի՞նչ երկու միջանցքի մասին էր խոսքը:
-Ինձ համար համենայնդեպս պարզ չէր, թե ի՞նչ երկու միջանցքների մասին է խոսում Իլհամ Ալիևը: Նա նշում էր, որ եռակողմ հայտարարության տեքստում գրված է Ադրբեջան-Նախիջևանը կապող նոր ճանապարհի մասին: Նա շեշտեց նոր բառը,որը, ըստ իս, նշանակում է,որ Ադրբեջանը կարող է ունենալ երկրորդ ճանապարհ, իսկ թե որն է առաջին ճանապարհը՝ հստակ չի նշում,թե ինչ ի նկատի ունի: Միգուցե ի նկատի ունի Խորհրդային Միության տարիներին գործած ճանապարհը,որից բացի պետք է նաև կառուցվի երկրորդ ճանապարհ:
- Ի՞նչ նշանակություն են այդ ճանապարհները ունենալու Ադրբեջանի համար:
-Պարզ է, որ ադրբեջանական հանրապետության համար դա ունենալու էր մի քանի կարևոր նշանակություն՝ ռազմավարական առումով հատկապես: Գիտեք՝ ցամաքային կապը Ադրբեջանական հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև մինչ այս պահը ապահովվում էր Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, որը, բնականաբար,ազդող գործիք էր Իրանի ձեռքին՝ ըստ անհրաժեշտության:Ես հիշում եմ ոչ մեկ անգամ եղած միջադեպերը այդ ճանապարհի հետ կապված: Օրինակ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին անցագրային կետերում ստեղծվում էին արհեստական խնդիրներ և փաստացի այդկերպ մի քանի ժամ կամ երբեմն մեկ օրից ավել ճանապարհը չէր գործում: Փաստացի ընդհատվում էր հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Այս պարագայում ունենալով նոր ցամաքային ճանապարհ Հայաստանի Հանրապետության տարածքով՝ ունենում է այլընտրանքային արդեն նոր հաղորդակցության միջոց Նախիջևանի հետ:
Զուտ հոգեբանական առումով, ինչը նկատելի էր նաև Ալիևի խոսքում առկա շեշտադրումներում, այս ճանապարհի ացկացումը չեմ կարծում,որ դրական ազդեցություն կունենա Հայաստանի հասարակական տրամադրությունների վրա: Սա մի ճանապարհ է,որը սպասարկելու է Նախիջևանին և Ադրբեջանին՝ մեր սեփական տարածքով՝ հատկապես այն շեշտադրումը,որ այն ծառայելու է նաև այլ երկրների ու պետությունների:Նշվում է Ռուսաստանի,Իրանի,Ադրբեջանի և Թուրքիայի անունը:
-Ո՞վ է վերահսկելու Ադրբեջանն ու Նախիջևանը կապող այդ ճանապարհը:
-Փաստացիորեն ճանապարհն անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով և թույլ չի տրվելու,որ այդ ճանապարհի վերահսկողությունը լինի ՀՀ ձեռքին: Ալիևը երեկվա իր խոսքում, ինչը առկա է նաև հայտարարության տեքստում,ասաց,որ ճանապարհը լինելու է Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո: Փաստացիորեն Հայաստանի Հանրապետության տարածքում ունենում ենք ճանապարհ,որի վերահսկողությունը չի պատկանում Հայաստանին:Սա իր համար ունի կարևոր նշանակություն՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության և հարաբերությունների առումով,որովհետև փաստացիորեն Հայաստանի տարածքով անցնելու է Ադրբեջանին սպասարկող ճանապարհ,որի վերահսկումը չի իրականացվում ՀՀ համապատասխան մարմինների կողմից:
-Ալիևը հայտարարեց նաև,որ Հայաստանը,ցանկություն ունենալու դեպքում,կարող է ևս միանալ այդ միջանցքին: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հայտարարությունը:
-Ալիևն այստեղ ինչ-որ համագործակցության ֆորմատի մասին է խոսում, որին մենք կարող ենք միանալ ցանկության դեպքում,բայց մոռացության է տրվում այն կարևոր հանգամանքը, որ ենթադրվող համագործակցությունը,որն իրականացվելու է այս ճանապարհով, անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով: Տեսեք,եթե ճանապարհն անցնում է ՀՀ տարածքով՝ ենթադրվում է, որ դա պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ես պարզապես չեմ հասկանում այդ հայտարարության տրամաբանությունը: Ի՞նչ է նշանակում,եթե Հայաստանի Հանրապետությունը ցանկանա կարող է միանալ միջանցքին՝ այն դեպքում,երբ այդ միջանցքը անցնում է ՀՀ տարածքով և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:
-Ալիևն անդրադարձավ նաև գերիների հարցին: Նախօրեին Ադրբեջանը հայտարարեց,որ կողմ է բոլորը բոլորի դիմաց սկզբունքին: Արդյո՞ք դա նշանակում է նաև ձերբակալվածների ու վերջին պատերազմի ժամանակ բռնված ահաբեկիչների փոխանակություն:
-Ալիևը երեկվա իր ելույթում,երբ պարզապես կետերով անդրադառնում էր, թե ստորագրված եռակողմ հայտարարության ո՞ր կետերն են կատարվել կամ որ փուլում են գտնվում՝ նշվեց,որ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը արդեն ընթացքի մեջ է և այսքանով սահմանափակվեց: Հավելյալ մանրամասների ես չեմ տիրապետում,սակայն կարող եմ ասել,որ իրենց համար շատ էական է նաև ձերբակալվածներին հետ տանելու այդ խնդիրը: Դեռևս 2014-ին Քարվաճառում տեղի ունեցած հայտնի ոճրագործությաունն իրականացնողներին Ադրբեջան վերադարձնելու ուղղությամբ իրենք ահռելի աշխատանք էին տարել:Կասկած չկա,որ եթե հաջողվի,ապա նրանց վերադարձնելու պահանջ կդրվի: Այս դեպքում կունենանք նոր ռամիլ սաֆարովներ,որովհետև,ամենայն հավանականությամբ, Ադրբեջան վերադառնալուն պես նրանց կհռչակեն ազգային հերոսներ:Հավելյալ մանրամասներ չունեմ, որովհետև դեռևս փոխանակման հետ կապված որևէ մանրամասն հայտնի չէ ու չի հրապարակվել: