Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

17-րդ «Ոսկե ծիրան»-ը հատեց եզրագիծը

«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցավ համազգային դրամահավաքի ընթացքին:

Կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը տրվեց նոյեմբերի 1-ին Կաննի կինոփառատոնում ընդգրկված և Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով։ Հաջորդիվ ներկայացվեցին արցախյան թեմատիկայով այլ կինոնկարներ։ IDBank-ի և Idram Payment System-ի հետ համագործակցությամբ՝ «Ոսկե ծիրան»-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին փոխանցեց 3,524,000 ՀՀ դրամ։

Մինչև նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ  ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես փոխանցվեց բարեգործական ձեռնարկների։

Փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին նաև առցանց վարպետության դասեր, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցվեց կինոյի մեծերին, այդ թվում՝ Ֆեդերիկո Ֆելլինիին, Տոնինո Գուեռային և այլ կինոգործիչներին։ Փառատոնային տարվա վերջին ակորդը պետք է լիներ Ազնավուրի հրապարակի աստղային պուրակում․ բացվելու էին ռեժիսորներ Ռուբեն Գևորգյանցի, Ռոբերտ Սահակյանցի, Գրիգոր Մելիք-Ավագյանի, Առնոլդ Աղաբաբովի աստղերը և Հրանտ Մաթևոսյանի ու Աղասի Այվազյանի ավելի վաղ բացված աստղերի շարքով ևս մի քանի սիրելի անունով հարստանալու էր «Ոսկե ծիրանի» հիմնադրած աստղային պուրակը: Ու քանի որ հանդիսությունները պատշաճ չէին մեր ժամանակին, համավարակի վտանգն էլ կախված է Երևանի օդում, փառատոնի կազմակերպիչները որոշեցինք ուղղակի մեկական վարդ խոնարհել նրանց հիշատակին, առանց որոնց անհնար է պատկերացնել հայկական կինոն ու հայ մշակույթը, իսկ հանդիսությունները թողնել ավելի լավ ժամանակների:

«Թե՛ համավարակը և թե՛ պատերազմը փոխեցին բոլորիս կյանքի ընթացքը։ Հայտնի է, որ մշակութային բազում միջոցառումներ չեղարկվեցին կամ էլ հետաձգվեցին։ «Ոսկե ծիրան»-ը հուլիսի ընթացքում հանդես եկավ մի շարք առցանց միջոցառումներով։ Բուն փառատոնային ընթացքը տեղափոխվեց նոյեմբեր՝ ավելի բարենպաստ օրերի ակնկալիքով, սակայն սկսվեց պատերազմը։ Եվ պատերազմական օրերին փառատոնը հանդես եկավ բոլորովին այլ առաքելությամբ՝ մշակույթը դարձնելով իսկական թիկունք։ Կի­նո­դի­տո­ղի հա­մար կի­նո գնա­լը դար­ձավ ոչ թե հան­դի­սություն, տոնը, ին­չը ճիշտ չէր և անընդունելի, այլ դարձավ մեթոդ միանալու բարեգործական ձեռնարկներին։ Ուրախ եմ, որ ինչ-որ չափով փառատոնը ևս կարողացավ իր ներդրումն ունենալ դրամահավաքների գործին»,-նշում է «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Հավելենք նաև, որ քանի որ փառատոնի միջազգային մրցույթի ժյուրին աշխատում էր հեռահար, ապա որոշակի բարդություններ էին առկա քննարկումները կազմակերպելու հարցում, և այդ իսկ պատճառով մրցույթի արդյունքները փառատոնը կհրապարակի ավելի ուշ։

 

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ +374 77303484