Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԴԵ-ն նախընտրեց Բաքուն

Սպորտ

2011 թ մարտի 1-31-ը Բաքվում կանցկացվի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար նախատեսված հավակնորդների մրցաշարը: Այդ մասին տեղեկացնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքէջը:

Այդ մրցաշարին մասնակցելու իրավունք են ձեռք բերել Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գատա Կամսկին (ԱՄՆ) եւ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): 8-րդ մասնակիցը կլինի կազմակերպիչ երկրից:

Սակայն պետք է նշենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել էր, որ հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը չի մասնակցի Բաքվում անցկացվող մրցաշարին:

Մեր շախմատիստը նախկինում բացատրել էր, թե ինչու չի ցանկանում մեկնել Բաքու: «Եկեք իրատես լինենք. Բաքվի ու Ադրբեջանի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, ես դժվար թե ինձ այնտեղ հարմարավետ զգամ: Շախմատիստները շատ դժվար են հոգեբանորեն տրամադրվում: Եթե անհրաժեշտություն լինի թուլանալու և զբոսնելու, ապա Բաքվում դժվար թե կարողանամ դա անել հանգիստ հոգով, իսկ դա կանդրադառնա իմ արդյունքների վրա»:

Հավելենք, որ ՖԻԴԵ-ն արդեն որոշել է 1/4 եզրափակիչի զույգերը: Լեւոն Արոնյանը կհանդիպի Բորիս Գելֆանդի հետ: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Վեսելին Թոփալով - Գատա Կամսկի զույգի հաղթողի հետ: Մագնուս Կառլսենի մրցակիցը կլինի Թեյմուր Ռաջաբովը, Վլադիմիր Կրամնիկը` 8-րդ մասնակիցը: