Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոչ մի խրամատում ոչ մի զինվոր չի հանձնվել․ ովքեր են Քարվաճառն ամուր պահողները (տեսանյութ)

Պատերազմից հետո առաջին անգամ Քարվաճառի Շղթայի սարերում կռված տղաներն իջել են, իրար գլխի հավաքվել արդեն հրադադարի հաստատումից հետո։

 Ամենածանր 44 օրերն են հիշում, պատմում, մեկ տխրում, մեկ ծիծաղում, ամենադժվարը Քարվաճառը թողնելն էր, ասում է 14 տարի Քարվաճառում ծառայած փոխգնդապետ Տիգրան Գեղամյանը։

«Մինչև օրս էլ դժվար է հավատալ, որ մենք Քարվաճառը թողել ենք ու եկել ենք, բայց ունենք այն, ինչ ունենք»։ 

Երեք զոհի ու մի քանի վիրավորի գնով այս գումարտակը կարողացել է գրավել կարևոր նշանակության բարձունքներ

«Երեք պոստ հետ ենք վերցրել ու մինչև Քելբաջարը տալու օրը այդ շղթան պահել է մեր գումարտակը»։

Հրամանատարի հետ զրույցի պահին ներս է մտնում ավագ լեյտենանտ Տիգրան Գրիգորյանը, ով ոտքը կորցրել է պատերազմի 34-րդ  օրը՝ հակառակորդի դիվերսիոն խումբը ոչնչացնելիս 

«Գիշերվա ժամը 10։30 էր, այդ պահին չես մտածում՝ քեզ հետ ինչ կլինի, կարևորը դու քո խնդիրը կատարես։ Տրաքեց, ոտքս վնասվեց, բայց դա կապ չունի, ես շարունակելու եմ իմ ծառայությունը, մենք դեռ լիքը բան ենք թողել, որ պիտի հետ վերցնենք»։

Անքուն գիշերներից ու ծանր օրերից հետո պատերազմի նման ավարտի հետ ավագ լեյտենանտը չի համակերպվում

«Պիտի այսպես չլիներ։ Մեր արածը ջուրն ընկավ»,-ասում է Տիգրանը։

Տղաների կողքին մեղմ ժպտացողը Սեդան է, պատերազմի առաջին օրվանից դիրքերում զորքին առաջին օգնություն է ցույց տվել, ծանր օրեր շատ է ունեցել, բայց չի հանձնվել

«Մինամյոտով շատ էին հարվածում, լարված սպասում էինք, որ պետք է մահանանք, անգամ մտածում էինք, որ  դեմքներս փակենք, որ վիրավորվելուց ճանաչելի լինենք, հետո, որ դադար էր լինում, մեկս մյուսին ասում էինք՝ անեկդոտ պատմենք, թեթևանանք»։

Զինվոր որդուն ավելի մոտ լինելու համար է Քարվաճառ հասել Սեդան, բայց  պատերազմի թեժ օրերին որդու հետ նույնիսկ խոսել չի հասցրել, փոխարենը հոգ է տարել մյուս զինվորների մասին, նույնիկ զենք վերցրել

«Մեր մինամյոտի հրամանատարը ասեց՝ ցանկություն ունե՞ս կրակելու, ասեցի այո, մի հատ քցեցի ու ասեցի՝ հինգ հատ թուրք սպանեցի»։

Կռիվը սովորական չէր, անօդաչուները շատ էին, հարվածում էին անսպասելի, բայց տղաները ասում են՝ դրանց դեմ պայքարի ձևն էլ էին գտել

«Հարվածային անօդաչուները մեզ համար սովորական երևույթ էին դարձել արդեն կատակում էինք, դրա դեմ պաշտպանվելու միջոցը գտել էինք՝ ասում էինք կուտակում չլինի, երբ տեսնում էինք երկնքում անօդաչու կա, ասում էինք՝ տղերք, տարածություն պահպանեք մեկդ մյուսից»,-պատմում է կապիտան Գեորգի Յավրյանը։

Որքան էլ տղաները փորձել են պաշտպանվել հարվածային անօդաչուներից, սակայն հենց սրանց պատճառով զոհերից ու վիրավորներից խուսափել չի հաջողվել։

Տղաներին հարցնում ենք՝ ընտանքին ինչպե՞ս դիմավորեց տևական երկար ու ծանր բացակայությունից հետո

Կապիտան Կարեն Թումանյանն ասում է՝ իր ընտանքիքը սովոր է

«Իմ ընտանիքը գիտի, որ ես կարող եմ տնից դուրս գալ ու մեկ երկու ամիս հետ չգալ»։

Ավագ լեյտենանտ Վալերի Հարությունյանը, ով երկու երեխաների հայր է, հավելում է, որ մարտի ժամանակ, երբ մի 10 րոպե դադար էր լինում, զանգում էին ընտանիքի անդամներին

«Ընդամենը մի բառ էին ասում՝ ուզում ենք ձայնդ լսել»։

Պատերազմի ավարտի մասին խոսելիս մայոր Հայկ Սերգոյանը համոզմունք է հայտնում, որ բանակցությունների արդյունքները թելադրում են առաջնագծում կռվողները

«Կռվել ենք մինչև վերջ, ոչ մի զինվոր չի հանձնվել, կռվել ենք անգամ, երբ ուժներս չի պատել։ Ոչ մի խրամատում ոչ մի զինվոր չի հանձնվել, մինչև վերջ կռվել ենք»։

Մայոր Արմեն Ղազարյանը տեղի ունեցածը պարտություն չի համարում, ասում է՝ թերություններ կային, կշտկենք ու հաջորդ պատերազմը արդեն մենք կսկսենք

«Քելբաջարը տվել ենք, որ նորմալ սարքեն, հետ դառնանք վերցնենք , չի մնա իրանց Քելբաջարը»,-եզրափակում է նա։