Արտավազդ Քարամյանի խոստովանությունը
Աջակցիր «Ա1+»-ինԲուխարեստի «Ստյաուայի» կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամսվա վերջին, հույս է հայտնել, որ ինքն ու եղբայրը` Արմանը, նոր մրցաշրջանում կշարունակեն ելույթները թիմում: Այդ մասին տեղեկացնում է ռումինական ակումբի կայքէջը:
Արտավազդն այժմ գտնվում է արձակուրդում եւ ընտանիքով հանգստանում է Հայաստանում: «Ես պատրաստվում եմ այդ ընթացքում մասնակցել մարզչական դասընթացների», - հայտարարել է Արտավազդ Քարամյանը:
Ըստ ռումինական լրատվամիջոցների` «Ստյաուան» ցանկանում է երկարաձգել միայն Արտավազդ Քարամյանի հետ պայմանագիրը, իսկ ահա Արմանը չի մտնում ակումբի ղեկավարների ծրագրերի մեջ:
«Անցած 6 ամիսներին ես չկարողացա ցույց տալ իմ բոլոր կարողությունները, քանի որ վնասվածք ստացա եւ բաց թողեցի մի քանի հանդիպումներ: Իմ կարծիքով, Արմանը նույնպես արժանի է հանդես գալու «աստղերի» թիմից: Ես հպարտ եմ, որ նա ճանաչվել է Ռումինիայի անցած առաջնության լավագույն կիսապաշտպաններից մեկը: Արմանը 5 գոլ է խփել «Ստյաուայի» կազմում եւ մեծապես օգնել է թիմին», - խոստովանել է Արտավազդ Քարամյանը:
Հարկ է նշել, որ Քարամյան եղբայրները հիմնականում միասին են հանդես եկել իրենց թիմերում, միայն մեկ անգամ են բաժանվել նրանց ճանապարհները, բայց ընդամենը 6 ամսով: