Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Այսօր Հայաստանում չկա իշխանություն»․արվեստագետները գերիներին վերադարձնելու պահանջով հավաքվել էին Շարլ Ազնավուրի հրապարակում (տեսանյութ)

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մի խումբ արվեսստագետներ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են  միջազգային կառույցներից ստիպել ադրբեջանական կողմին ազատ արձակել հայ գերիներին: 

Ակցիայի կազմակերպիչներից ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ասաց՝ իրենց նպատակն է լսելի դարձնել բոլոր այն ծնողների ձայնը, որոնց երեխաները զոհվել են, բայց մինչ այս պահը չեն կարողանում ստանալ իրենց երեխաների դիերը, կամ բոլոր այն ծնողների ձայնը, որոնց երեխաներն այս պահին գերության մեջ են․

«Այսօր Հայաստանում չկա իշխանություն, և մենք պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին, երկրորդը՝ ոչ մի քաղաքական գործիչ այսօր այս հաթակ չի բարձրանա, պատճառն այն չէ, որ մենք իրենց համարում ենք անարժան, այլ մենք հասկանում ենք, որ այս ձևաչափով վաղը ֆեյքերի բանակը  մեզ չի կարողանա մեղադրել աթոռակռիվ անելու մեջ»։ Դերասան Հրանտ Թոխատյանն էլ հայտարարեց՝ այսօր պետք է աղաղակել, որ մեր գերիներին վերադարձնենք տուն, եթե այսօր չաղաղակենք, վաղը կարող է ուշ լինել․

«Ես հիմա դիմում եմ արվեստագետներին, դիմեք ձեր կոլեգաներին, որոնք իրենց երկրներում հայտնի են, թող դիմեն իրենց կառավարություններին, ՄԱԿ-ին, Կարմիր խաչին։ Ի սկզբանե արված է ամոթալի սխալ՝ ժամկետ նշված չէ, թե մեր գերիներին երբ կվերադարձնեն, այսօր պետք է պայման դնել՝ կկանգնեցվի տարածքների վերադարձը, մինչև մեր երեխաները չգան տուն»: 

Բողոքի ակցիայի կազմակերպիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ բոլոր միջազգային կառուցներից պահանջում են ստիպել ադրբեջանական կողմին՝ ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիներին պատվազրկել Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին:

Նա հորդեց բոլոր հայերին երկուշաբթի օրը 10 մլն նամակ գրել տարբեր երկրների կառավարություններին՝ մեր գերիներին վերադարձնելու պահանջով․

«Մենք դիմում ենք բոլոր հայերին, որոնք ապրում են տարբեր երկրներում, երկուշաբթի օրվանից դիմեք ձեր երկրների ղեկավարներին խնդրանքով՝  անկախ նրանից որտեղ եք ապրում, դիմեք ձեր կառավարություններին, Կարմիր խաչին, դիմեք ՄԱԿ՝ խնդրանքով, որ ստիպեն Ադրբեջանին կատարել իրենց պարտականությունը ՝ վերադարձնել մեր գերիներին։ Եթե 10 մլն ենք, ապա այդ 10 մլնը երկուշաբթի օրվանից կսկսի գրել նամակներ, հավատացեք դա կօգնի, մենք չպետք է լռենք, հերիք է լռենք, մեր ձայնը պետք է լսելի լինի աշխարհում»։

Գրիգորյանը, որպես ՌԴ քաղաքացի, նույն պահանջով դիմեց Ռուսաստանի կառավարությանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշում կայացրին վաղը՝ նոյեմբերի 29-ին ժամը 12:00-ին երթ կազմակերպել` ձեռքներին պահելով Ադրբեջանում գտնվող հայ գերիների նկարները: