Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa hajastan
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը 99-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը։

Հայաստանի հավաքականը, որն անցած մեկ ամսում ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակում հաղթել է Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմերին, այդ աղյուսակում առաջադիմել է երկու աստիճանով և այժմ զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը։ Դա նշանակում է, որ մեր ընտրանին տարին կփակի առաջին հարյուրակում:

Ամենամեծ առաջընթաց ունեցել է Հունգարիան, որը 47-րդ տեղից բարձրացել է 40-րդ հորիզոնական: Բանն այն է, որ հունգարացիներն ոչ միայն 1-ին տեղն են զբաղեցրել Ազգերի լիգայի իրենց խմբում, այլև նվաճել են Եվրո-2020-ի վերջին չորս ուղեգրերից մեկը:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը: Նրան հաջորդում են Ֆրանսիան ու Բրազիլիան: Առաջին տասնյակում միանգամից երկու փոփոխություն է տեղի ունեցել: Նախկինում 9-րդ և 10-րդ տեղերում գտնվող Խորվաթիային ու Կոլումբիային փոխարինել են համապատասխանաբար Մեքսիկայի և Իտալիայի հավաքականները:

Առաջին տասնյակ.

1 Բելգիա՝ 1780 միավոր

2 Ֆրանսիա՝ 1755

3 Բրազիլիա՝ 1743

4 Անգլիա՝ 1670

5 Պորտուգալիա՝ 1662

6 Իսպանիա՝ 1645

7 Արգենտինա՝ 1642

8 Ուրուգվայ՝ 1639

9 Մեքսիկա՝ 1632

10 Իտալիա՝ 1625