Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ով կարող է միջնորդ լինել ընդդիմության և իշխանության միջև (տեսանյութ)

Սեպտեմբերի 27-ից հետո կատարվածը մեր պատմության ամենասև էջերից մեկն է,- ասում  իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը։ Ու անկախ ամեն ինչից  պետք է մտածել ապագայի մասին․ «Ներկայիս իշխանության ղեկավարությամբ խոսել լուծումների մասին՝ անհնար է»։

 Հարցին, թե ով կարող է լինել հաջորդ ղեկավարը, պատասխանում է՝ այստեղ հստակություն չկա․ «Քաղհասարակությունը շարունակում է մնալ նույն ամբոխավարը։ Այսօր պետք է լինի ժամանակավոր կառավարություն, որտեղ կլինեն երեք կարևոր ամուր դեմքեր՝ վարչապետ, ԱԳ նախարար, ՊՆ նախարար։ Սա որպես սկիզբ՝ իրավիճակն ինչ-որ չափով բարելավելու համար»։
 
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ հանրության համար սկզբունքային խնդիր պետք է լինի, թե ում և ինչպես է փոխանցվելու իշխանությունը։

 «Որքան անորոշությունը երկարի, կխորացնենք մեր խնդիրները»,- նշում է նա։   

 

Իրավապաշտպանն ընդգծում է՝ իշխանությունն իր մասով ոչինչ չարեց, որ համերաշխությունը տեղի ունենար․ «Հեղափոխությունից ունենալով բացառիկ շանս՝ չկարողացան տարբերակել կարևորն անկարևորից»։

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը խնդիրների լուծման շեշտը դնում է արժեքային համակարգի վրա։ Նրա մեկնաբանմամբ՝ մարդն այդպես էլ չդարձավ մեծագույն արժեք․ «Ինձ համար առաջնային խնդիրը մեր գերի ընկած, անհետ կորած զինվորների վերադարձն է։ Պետության կարևոր գործառույթներից մեկը ունենալ որոշակի մոդելներ ցանկալի տարբերակների հասնելու համար և մտածել մարդու մասին»։

Խոսելով ապագայից՝ Բաբայանը նշում է՝ սթափ գիտակցել ինչ ենք ուզում ունենալ, որպեսզի ամեն ինչ չավարտվի հերթական իշխանափոխությամբ։ Նա նաև հավելում է, որ պետք է սահմանվի հստակ պատասխանատվություն, որ եթե նոր ընտրված ժամանակավոր կառավարությունը չարդարացնի, ինչ-որ մեկը կրի պատասխանատվություն դրա համար․ սրան հնարավոր է հասնել միայն իրավական ճանապարհով։ 

Ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր Սոնա Այվազյանի՝ մի հոգու հրաժարականը չէ, որ հարցի լուծում է , դա արդարացի պահանջ է, իսկ որոշումներ պետք է ընդունվեն սահմանադրության շրջանակներում․ «Հասարակությունը պետք է փորձի հնարավորինս սթափ լինել, ընդդիմությունը իր խաղն է խաղում, իշխանությունն էլ կարծես փորձում է պահել իրեն, և ոչ ոք չի գնում երկխոսության։ Հանրությունը կարող է միջնորդ լինել ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն հաստատելու համար, սահմանելու առաջնային արժեհամակարգեր»։

Այվազյանը հավելում է՝ քաղհասարակությունը պետք է սահմանի՝ իսկ ոնց է ինքը տեսնում խնդիրների լուծումները։