Նախագահը գոհ է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նորանշանակ նախագահ Լեւոն Գրիգորյանը գոհ է աշխարհի թիմային առաջնությունում մեր կանանց եւ տղամարդկանց հավաքականների ելույթներից: Նա այդ մասին նշեց «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցի ժամանակ.
«Կանանց հավաքականը, իրոք, լավ հանդես եկավ եւ 3-րդ դիվիզիոնի մրցաշարում գրավեց 7-րդ տեղը: Հարկ է նշել, որ մեր թիմը վերջին անգամ այդ մրցաշարին մասնակցել էր 10 տարի առաջ, ուստի փորձի պակաս ուներ: Տղամարդկանց հավաքականը նույնպես լավ հանդես եկավ, եթե հաշվի առնենք նախորդ առաջնությունում ցույց տված արդյունքը: Ի վերջո, մեր ընտրանին 4-րդ դիվիզիոնի մրցաշարում 39 թիմերի մեջ գրավեց 10-րդ տեղը»:
Լեւոն Գրիգորյանը մեր թիմերի համեմատական առաջընթացը բացատրում է նրանով, որ առաջնություն մեկնելուց առաջ ֆեդերացիայի հաշվին երկու հավաքականները 10-օրյա ուսումնամարզումական հավաք են անցկացրել:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` ՀՍԹՖ-ի նախագահն ասաց, որ այս ամիս Հայաստանի պատանեկան հավաքականները մասնակցելու են Ստամբուլում կայանալիք Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնությանը:
Օգոստոսին մեր 12 տարեկան թենիսիստները Ստրասբուրգում նույնպես հանդես կգան աշխարհամասի առաջնությունում: Իսկ ահա մեր մեծահասակների մասնակցությունը սեպտեմբերին Չեխիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում դեռեւս որոշված չէ:
«Ստամբուլի մրցաշարից հետո նոր կորոշենք, արդյոք արժե մասնակցել Եվրոպայի առաջնությանը, թե` ոչ: Ամեն ինչ կախված է մեր թենիսիստների ցույց տված արդյունքներից»,-ասաց նա:
Ինչպես նշեց Լեւոն Գրիգորյանը, հունիսի 5-14-ը «Հայաստան» ՄՄ սեղանի թենիսի դահլիճում սեմինար պարապմունքներ կանցկացնի ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի կողմից հրավիրված Եվրոպայի սեղանի թենիսի ֆեդերացիայի հրահանգիչը:
«Դրանց կներգրավվենք մեր հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր մարզիչներին: Նրանց մեծ մասը խորհրդային մարզչական դպրոցի ներկայացուցիչներ են, որոնք ինչ-որ տեղ չեն բավարարում ժամանակակից պահանջներին»,-հայտնեց նա: