Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրավապահ համակարգից քողարկված ձևով ինձ մոտ գալիս են պաշտոնյաներ և ասում, որ կաշկանդված են․ Կիմ Բալայան (տեսանյութ)

Կառավարության մոտ հացադուլ իրականացնողների թիվն այսօր ևս մեկով է ավելացել։

Երկուշաբթի օրվանից հացադուլ իրականացնող ՀՅԴ ներկայացուցիչներ Գեղամ Մանուկյանին և Գարիկ Ավետիսյանին ավելի վաղ միացել էին ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը և 2008 թվականին խաղաղ պայմաններում թշնամու գնդակից դիքում զոհված զինվորի մայր Անահիտ Կիրակոսյանը։ 

Այսօր նաև միացել է «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանը, ով պնդում է` կուսակցությունն իր որոշումը չի ողջունել, իսկ իր պահանջը չի տարբերվում ՀՅԴ ներկայացուցիչների պահանջից, այն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական

«Ես անձնապես, որպես մտահոգ քաղաքացի, որոշել եմ այս մեթոդը ընտրել, չեմ կարող ասել՝ որքանով է էֆեկտիվ, բայց  այս ստեղծված ողբերգական իրավիճակում պատրաստ  եմ հանուն երկրում կատարվելիք փոփոխությունների շարունակել հացադուլս ընդհուպ մինչև Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարական»:

Արդեն 5-րդ օրը հացադուլ իրականացնող Գեղամ Մանուկյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց՝ առողջական վիճակը նորմալ  է, բայց ամբողջ օրն առերեսվում է  ողբերգական փաստերի հետ․

«Հարյուրավոր անհետ կորած զինծառայողների ծնողներ առավոտից իրիկուն անհույս, անօգնական Կառավարության մոտ կանգնած են, սպասում են ինչ-որ լուրի, մեկ էլ արձնագրում ես, որ վարչապետը, ով երկրի ամբողջ բնակչության անվտանգության պատասխանատուն է, այդ չարաբաստիկ հայտարարությունը ստորագրելիս գեթ մեկ վայրկյան չի էլ մտածել, որ այն կողմում ունենք ռազմագերի զինվորականներ, առաջնագծում ունենք բազմաթիվ նահատակված զինվորների աճյուններ, որոնք պետք է դուրս բերել»։

Մանուկյանը պնդում է՝ երեկվա Սոթքի դեպքերը ցույց տվեցին, որ գործ ունենք չգործող կառավարության և վարչապետի հետ։

Հացադուլին միացած զոհված զինծառայողի մայրը խնդրանքով Ռուսաստանին է դիմում, ասում է․

«Եկել եմ կորած և գերեվաված զինծառայողների որոնողական աշխատանքները արագացնելու պահանջով։ Ես ի վիճակի չեմ բազմաթիվ օրեր հացադուլի մեջ լինել, այդ պատճառով խնդում եմ Ռուսաստանին մեր երեխաներին ետ վերադարձնել իրենց ընտանիքներ, հասկացել եմ, որ մենք չունենք իշխանություն»։

Արդեն չորրորդ օրը հացադուլ իրականցնող Սահմանդրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը, ով, ի դեպ, հացադուլի մեջ գտնվողներից ամենատարիքովն է, ասում է՝ անկախ ամեն ինչից՝ շարունակելու է հացադուլը, մինչև իր պահանջի կատարումը։

Հիշեցնենք, որ Բալայանը Կառավարության  մոտ հացադուլ է իրականացնում պահանջով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, քանի որ, նշում է, տապալել է սահմանադրական կարգը։

Մեր հարցին, թե ի՞նչ ազդակներ է ստացել իրավապահ համակարգից, Բալայանն ասաց․

«Պաշտոնական որևէ զանգ չի եղել, բայց անհատական, քողարկված ձևով ինձ մոտ եկել են և ասել, որ իրավապահ համակարգը այնպիսի կաշկանդվածութուն ունի և վախենում է Նիկոլ Փաշինյանից, որ չի հարուցելու քրեական գործ, խնդրում ենք՝ իզուր տեղը ձեր առողջությունը վտանգի չենթարկեք»։

Բալայանն ասում է՝ ինքն արձագանքել է, որ եթե պետք լինի, երկրորդ հացադուլը կանի իրավապահ համակարգի անգործության դեմ։

ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանն էլ առողջապահական համակարգին հորդորեց գալ և արյան անալիզ վերցնել իրենցից, քանի որ խոսակցություններ են հասնում իրենց, թե իրական հացադուլ չեն իրականացում։