Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մխիթարյանի և Ադամյանի թիմերը երկու տուր առաջ մտան Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները:

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելիս երկու անպատասխան գոլ խփեց ռումինական ՉՖՌ «Կլուժ» թիմին: Այդ հաղթանակից հետո իտալական ակումբը վաստակեց 10 միավոր և ժամանակից շուտ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Մեր ֆուտբոլիստը փոխարինման մտավ 64-րդ րոպեին և օգնեց իր թիմին հաղթանակ տոնելու:

Հայաստանի հավաքականի մյուս խաղացող Սարգիս Ադամյանի թիմը՝ «Հոֆենհայմը», մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց չեխական «Լիբերեցին»: Գերմանական ակումբը վաստակեց 12-րդ միավորը և խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ նույնպես մտավ փլեյ-օֆֆ: Սարգիս Ադամյանը հանդիպումը բաց թողեց կորոնավիրուսի պատճառով:

Նշենք, որ կայացած չորս տուրից հետո փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել նաև Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», որն ընթացիկ խաղում 3:0 հաշվով ջախջախեց նորվեգական «Մոլդեին»: Հաջորդ տարի պայքարը ՈՒԵՖԱ-ի գավաթի համար կշարունակի նաև անգլիական «Լեսթերը», որը ոչ-ոքի՝ 3:3 խաղալով իրեն հետապնդող «Բրագայի» հետ, նվազագույնն ապահովեց 2-րդ տեղն իր խմբում:

Եվրոպայի լիգայի հաջորդ՝ 5-րդ տուրի հանդիպումները, կկայանան դեկտեմբերի 3-ին: