Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստյոպա-Սաֆարյան
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայի սենատի ճանաչումից հետո ՌԴ-ն պիտի հայտարարի՝ կո՞ղմ է վերադառնալ հրադադարին, որը կրկին ինքն է կնքել 1994 թվականին․ Սաֆարյան

Ֆրանսիայի սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը նշանակում է, որ Ֆրանսիան՝ որպես համանախագահող երկիր, օրակարգում դնում է Ղարաբաղի կարգավիճակի  վերջնական որոշման հարցը։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Եթե աշխարհը, իր այս լռությամբ հանդերձ, հայտարարեց, որ այս խնդիրը չունի ռազմական լուծում, բայց իրականում ռազմական լուծման փորձը արվեց, ապա դա նշանակում է, որ Ֆրանսիան դնում է կարգավիճակի հարց։ Իհարկե սրան պետք է հաջորդի գործադիր իշխանության մակարդակով հայտարարություն, բայց դատելով, որ բոլոր խմբակցությունները մասնակից են այս պրոցեսին, նշանակում է, որ Ֆրանսիայի կառավարությունը չի էլ փորձել խոչընդոտել, այն վտանգ չի համարել արտաքին քաղաքականության համար, որքան էլ Ֆրանսիան միջնոդ երկիր է»։

Սաֆարյանը համոզմունք ունի, որ Մինսկի խմբում սա լուրջ ճեղքված է, որովհետև եթե Ռուսաստանը պնդում է, որ կարգավիճակի հարցը պետք է թողնվի ապագային, Ֆրանսիան հայատարարում է, որ այն չպետք է թողնվի ապագային։

Ըստ Սաֆարյանի՝ սա բանակցային նոր փուլի մեկնարկ է․

«Ֆրանսիան չի համակերպվում առկա իրավիճակի հետ և որպես Մինսկի խմբի համանագահ դնելու է ճանաչման խնդիրը»։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրներին՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին, Սաֆարյանն ասում է՝ նրանց արձագանքը ևս շատ կարևոր է լինելու․

«Եթե բանաձևն այն է, ինչ  հայերեն տեքստում ասվում է և մեր տրամադրության տակ է այս պահին, ապա խոսքը վերաբերում է 1994 թվականի սահմաններով հրադադարի  հաստատման վերադարձին, անգամ Ադրբեջանի զորքերի դուրսբերմանը և սա նշանակում է, որ հատկապես Ռուսաստանը պիտի հայտարարի՝ արդյո՞ք ինքը կողմ է վերադառնալ այն հրադադարին, որը կրկին ինքն է կնքել 1994 թվականին, սա լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի դիվանագիտության համար, որովհետև, ըստ էության, սա իր կնքած հրադադարն է և ինքը պետք է ընտրություն կատարի  երկու հրադարների միջև։ Ես կարծում եմ,որ կընտրեն վերջին հրադադարը, որովհետև խաղաղապահների տեղակայումը իրենց համար ավելի շահավետ է»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Սաֆարյանն ասում է՝ այս երկիրը գտնվում է իշխանության փոխանցման գործընթացում․

«Համենայնդեպս, ես կարծում եմ, որ Ֆրանսիան և Միացյալ նահանգների նոր ղեկավարությունը, եթե ոչ այս օրերին, ապա պաշտոնի լիարժեք ստանձնումից հետո կգործեն միասին»։