Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրապատոնին արդեն կողմնորոշվել է

Սպորտ

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Իռլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին մերժել է շոտլանդական «Սելթիկ» ակումբի առաջարկը` նոր մրցաշարջանից գլխավորելու այդ թիմը:

Իտալացի 71-ամյա մասնագետը հայտարարել է, որ ինքն առաջարկներ ունի նաեւ Անգլիայի եւ Իտալիայի ակումբներից, սակայն առաջիկա 2 տարիներին կծառայի միայն Իռլանդիայի ազգային թիմին: «Այո, արդեն 2-3 ամիս է ինձ հրավիրում են «Սելթիկ», սակայն ես իրենց ասել եմ, որ առաջիկա տարիներին լինելու եմ միմիայն Իռլանդիայի հավաքականի հետ: Պատճառն այն է, որ այստեղ զգում եմ, որ ինձ հավատում են եւ վստահում: Մենք դեռ չենք ավարտել մեր սկսած գործը»:

Խոսելով Իռլանդիայի հավաքականի վերջին երկու ընկերական խաղերի մասին, որոնց ժամանակ իտալացի մարզչի սաները հաղթել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից Պարագվայի եւ Ալժիրի հավաքականներին, Տրապատոնին ասել է. «Առանց անհամեստության համոզված եմ, որ մենք եթե մասնակցեինք աշխարհի առաջնությանը, ապա կհաղթահարեինք խմբային փուլը»:

Ջիովանի Տրապատոնին բարձր է գնահատել այդ խաղերին հանդես եկած մի քանի նորեկ խաղացողներին, մասնավորապես Պոլ Գրինին («Դերբի»): Ավելին, իտալացի մարզիչն արդեն որոշել է, թե ովքեր հանդես կգան իր թիմի միջին գծում Երեւանում կայանալիք Հայաստանի հավաքականի հետ խաղում. դրանք են Գլեն Ուիլանը, Կիտ Էնդրյուսը, Դարեն Գիբսոնը եւ նույն Պոլ Գրինը:

Նշենք, որ Իռլանդիայի հավաքականն իր հաջորդ ստուգատեսը կանցկացնի օգոստոսի 11-ին, Արգենտինայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 3-ին Եվրո-2012-ի շրջանակում արդեն կմրցի մեր հավաքականի հետ: