Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԳՄՍՆ
A A
Պաշտոնական

Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի մտավորական, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ` 1969-1972 թվականներին որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ Զավեն Սարգսյանը 1960-1970-ական թվականների ազգային-մոդերնիստական հայացքները կրող առաջադեմ սերնդի ներկայացուցիչներից էր, որոնք նոր շունչ հաղորդեցին հայկական մշակութային միջավայրին՝ ուղենշելով ստեղծագործական ազատության և զարգացման նոր ուղիներ:

Նա «Երազողներ» առաջին հայկական ռոք խմբի համահիմնադիր-մենակատարն էր: Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել երիտասարդ տարիքից: Հանդիպումը հռչակավոր կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի հետ շրջադարձային էր երիտասարդ լուսանկարչի համար, որը պետք դառնար Փարաջանովի անձնական լուսանկարիչն ու կենսագիրը՝ կարևոր ներդրում ունենալով նրա կյանքի և ստեղծագործության համաշխարհայնացման գործում: 1988 թվականին Զավեն Սարգսյանի անմիջական ջանքերով Երևանում հիմնադրվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որ բացվում է 1991 թվականին: Նա ղեկավարում էր թանգարանը հիմնադրումից առ այսօր:

Զավեն Սարգսյանը նաև հայկական վավերագիր և գեղարվեստական լուսանկարչության վառ ներկայացուցիչներից է: Հատկապես, անգնահատելի է նրա ներդրումը հայկական պատմամշակութային ճարտարապետական կոթողների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների վավերագրման գործում: «Հայաստանը և՛ Վանա լիճն է, և՛ Եփրատ գետը, և՛ Տիգրիսը, և՛ Սեպուհ սարն ու Արածանին»,- իր հարցազրույցներից մեկում նշում է արվեստագետը: Այսօր առավել քան արդիական, նա իր լուսանկարներում փորձում էր ամբողջացնել հայկական մշակութային ինքնության հետագիծը:

Զավեն Սարգսյանն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և այլ երկրներում: Զավեն Սարգսյանը 2008 թվականին արժանացել է Ֆրանսիայի արվեստի և գրականության ասպետի շքանշանի, 2011 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է:

Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժամը 18:00-20:00-ն, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-14:00-ն, նույն վայրում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում /Թոխմախ/: