Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բոլորն ասում են՝ զբաղվում ենք, բայց չկա մի երեխա, որին վերադարձրել ենք․ Հրանտ Թոխատյանը՝ գերիների մասին (տեսանյութ)

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի մոտ այսօր հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, արվեստի գործիչներ։ Նրանք ցանկանում էին պարզել՝ ինչ փուլում են անհետ կորածների որոնողական և գերիների վերադարձման աշխատանքները։

Հավաքվածներին մոտեցավ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

Վերջինս ընդգծեց՝ այս գործընթացում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը միջնորդի դեր ունի և կողմերի հետ աշխատում է տեղանքում, որտեղ կատարվում են որոնողական աշխատանքներ․

«Կարող եմ փաստել, որ մեր թիմերը աշխատում են, աշխատում են նաև Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հետ միասին, սակայն բուն որոնողական աշխատանքները Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կատարում, մենք այնտեղ ենք, որպեսզի այդ աշխատանքը չընդհատվի»։

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, Ամատունին ասաց՝ այս պահին որևէ ռազմագերի չի վերադարձվել։

«Մենք գնում ենք յուրաքանչյուր դեպքի հետևից, մի շարք զինվորականների և քաղաքացիական գերիների մեր կազմակերպությունը կարողացել է տեսակցել հոկտեմբերի 19-ից մինչև այսօր, սակայն տեղեկությունները ստանում են անմիջապես հարազատները և իշխանությունը»։

Հավաքվածների թվում էր նաև Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, ով «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ շատ մտահոգ է գերեվարված զինվորների ճակատագրով և նրանց ազատելը շատ հրատապ է․

«Բոլորս կարող ենք պատկերացնել, թե մի վայրկյան ավել բորենիների ճիրաններում ինչ կարող են ապրել մեր զինվորները»։

Հարցերի պատասխաններ ստանալու էր եկել նաև ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը, ով նշեց, որ այս դեպքում պետք է բարձրացնել միջազգային ձայն․

«Բոլորը ասում են՝ մենք զբաղվում ենք, բայց չկա նմուշի համար մի երեխա, որին վերադարձրել ենք գերությունից, ամեն օրը կյանք է»։

Թոխատյանը դիմեց տարբեր երկրներում գտնվող հայ և օտարազգի  իր գործընկերներին․

«Պետք է խնդրել, որ իրենք էլ իրենց ձայնը բարձրացնեն, կարծում եմ,որ թե՛ կոլեգաների միջոցով, թե՛ Հայաստանից դուրս գտնվող անվանի մարդկանց միջոցով շատ ուժեղ պետք է ծեծել բոլոր տեսակի միջազգային կառույցների դռները, որպեսզի այս հարցը լուծվի»։