Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կորոնավիրուսի դեմ ՌԴ-ից ուղարկված պատվաստանյութը հիմնականում կօգտագործվի կլինիկական փորձարկման ձևով (տեսանյութ)

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոշակի խմբաքանակ ՌԴ-ն Հայաստանին  է նվիրել։  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքով՝  այն հիմնականում  կօգտագործվի կլինիկական փորձարկման ձևով։

«Մենք նվիրատվություն ենք  ստացել ՌԴ-ի Առողջապահության նախարարության կողմից, բայց դա սիմվոլիկ նշանակություն ունի։ Մի քանի դեղաչափի մասին է խոսքը գնում  և մասսայական կիրառում իհարկե չի լինելու՝ կապված փոքր քանակների հետ։ Բացի դրանից գրանցված չի այդ պատվաստանյութը։ Բոլոր դեպքերում չենք թողնի, որ պատվաստանյութը անհետ կորչի, հիմնականում  կօգտագործվի կլինիկական փորձարկման ձևով՝ ինչպես ՌԴ-ում»,-ասում է  նա։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ հետագա պատվաստումներին, նրա խոսքով՝ Հայաստանն այսօր բանակցություններ է վարում և՛ արտադրողների, և՛ միջազգային գորընկերների հետ։

«Այս պահին ամբողջ աշխարհում չկա գրանցված պատվաստանյութ, կան տասը անուն արտադրություններ, որտեղ կովիդի դեմ պատվաստանյութը երրորդ կլինիկական փորձարկումների շրջանն է անցնում և նախատեսվում է, որ դեկտեմբերի վերջին՝ հունվարին կստանան թույլատվություն մասսայական կիրառման համար»,-ասում է նա։

Նրա խոսքով՝ 2021թ․ ապրիլից շուտ Հայաստանի համար կորոնավիրուսի պատվաստանյութ հասանելի չի լինի։

Կորոնավիրուսային իրավիճակը այս պահին մի փոքր կայունացել է հանրապետությունում․ «Այս պահին մենք դանդաղ նվազեցում ունենք և ենթադրում ենք, որ սրանով չի ավարտվի իրավիճակը, սա պարզապես ալիքաձև համաճարակային օրինաչափությանը բնորոշ նվազեցում է, որից հետո նորից սրացում կլինի»,-պարզաբանում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Նա նկատում է, որ կորոնավիրուսային իրավիճակն ու պատերազմը ազդել են նաև պատվաստումների օրացույցի վրա․ «Ցավոք, մենք մարտից սկսած, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ունեցանք պատվաստումների բավականին ցածր ցուցանիշներ և պատվաստումները տուժեցին՝ նվազելով 20-30 տոկոսով»,-ասում է նա։

Հաշվի առնելով, որ սեզոնային գրիպի ակտիվացման ժամանակահատվածն է և սպասելի է, որ  կորոնավիրուսին զուգահեռ կունենանք սեզոնային գրիպի ակտիվացում, Գայանե Սահակյանի խոսքով՝ համաճարակային իրավիճակի էլ ավելի բարդացումից խուսափելու համար, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի առողջապահության նախարարությունը նախապես ձեռք է բերել սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը և հոկտեմբեր ամսից սկսել  ռիսկի խմբերի պատվաստումները։

Նրա խոսքով՝ ըստ բժիշկների դիտարկումների,  մարդիկ, ովքեր սեզոնային գրիպի դեմ պատվաստվել են, կամ չեն հիվանդացել կորոնավիրուսով, կամ թեթև են տարել հիվանդությունը։