Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Հայտնի դարձան Լևոն Արոնյանի վերջին մրցակիցները Skilling Open շախմատի մրցաշարում

Առցանց անցկացվող Skilling Open շախմատի խոշոր մրցաշարի վերջին երկու մասնակիցներ դարձան ամերիկացի Հիկարու Նակամուրան ու իրանցի Ալիռեզա Ֆիրուջան: Այդ մասին հայտնում է chess24 կայքը, որի հարթակում կանցկացվի մրցաշարը:

Այդպիսով, հայտնի դարձան բոլոր 16 շախմատիստները, որոնք 9 օրվա ընթացքում պետք է խաղարկեն գլխավոր մրցանակը: Մասնակիցների թվում են աշխարհի 10 լավագույն շախմատիստներից 7-ը, այդ թվում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, աշխարհի գավաթակիր Դին Լիժենը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Վեսլի Սոն, Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը և այլք:

Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 22-ին: Նախ երեք օրում մասնակիցները ընդհանուր մրցաշարում կպայքարեն փլեյ-օֆֆի 8 ուղեգրերի համար: Ամեն օր կանցկացվի 5-ական տուր, 15+10 պարտիաների ձևաչափով: Դրանից հետո մրցաշարը կընթանա օլիմպիական մրցակարգով: Քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան նոյեմբերի 25-26-ին, կիսաեզրափակիչները՝ 27-28-ին, եզրափակիչները՝ 29-30-ին:

 

Մրցաշարի հաղթողը կստանա 30 հազար դոլար պարգևավճար, երկրորդ տեղը՝ 15 հազար, կիսաեզրափակիչի մասնակիցները՝ 7.500-ական:

 

Նշենք, որ ըստ վիճակահանության Լևոն Արոնյանն առաջին տուրում սևերով կհանդիպի վիետնամցի Լիեմ Կուան Լեի հետ: Մեր շախմատիստը աշխարհի չեմպիոնի հետ կհանդիպի 6-րդ տուրում, իսկ մրցաշարը կավարտի Հիկարու Նակամուրայի հետ մրցամարտով: