Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+best-11
A A
Սպորտ

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի ուշագրավ վիճակագրությունը

Հեղինակավոր whoscored.com բուքմեյքերական կայքն ամփոփել է ՈՒԵՖԱ-ի 2020թ Ազգերի լիգայի խմբային փուլը:

Ըստ աղբյուրի C լիգայի 2-րդ խմբում գնդակին տիրելու ժամանակով, հարվածների միջին քանակով, փոխանցումների ճշգրտությամբ, ֆուտբոլիստների միջին գնահատականով առաջինը Վրաստանն է: Նույն խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը փոխանցումների ճշգրտությամբ 3-րդն է, իսկ մնացած ցուցանիշներով՝ երկրորդը:

Մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել Էստոնիայի հավաքականի հարձակվող Ռաունո Սապինենը, որը իր անվան դիմաց գրանցել է 4 գոլ: Հայաստանի հավաքականում ընդգծված ռմբարկու բացակայում է, քանի որ բոլոր 9 գոլերը խփել են տարբեր ֆուտբոլիստներ:

Գոլային փոխանցումներով լավագույնը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն է՝ 3: Նա նաև առաջինն է մրցաիցների դարպասին կատարած հարվածների միջին քանակով՝ 3,7:

Տիգրան Բարսեղյանը նաև ընդգրկվել է այս խմբի խորհրդանշական հավաքականում: Մեր ֆուտբոլիստը միջին գնահատականով (7,4) զիջել է միայն վրացի Կվիչա Կվարացխելիային: 11 լավագույնների թվում է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապեստյանը: Այդ հավաքականում բոլորից շատ ներկայացուցիչ ունի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին՝ 4 հոգի:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վերջին խաղում հաղթելով հյուսիսմակեդոնացիներին, վաստակել էր 11 միավոր և գրավել առաջին տեղը: