Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ինձ հանելու պատճառը Բաբայանին խանգարե՞լն էր,թե՞ տիկին Աննային խնդրելը՝ հրամանատարական կետից դուրս գալ». Մովսես Հակոբյան (տեսանյութ)

ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև տեղեկություններին, որ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին հորդորել է չմիջամտել ռազմական ղեկավարության գործերին։

Հակոբյանը նախ ներկայացրեց՝ որն է եղել իր գործառույթը Արցախում․ «Ղարաբաղում գտնվելու իմ հիմնական գործառույթը կայանում էր նրանում, որպեսզի չեզոքացնեմ ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ և հրամանատարի գործունեությանը միջամտելը։ Եվ առաջին օրվանից ամեն ինչ արել եմ, որ այնտեղ մարդ չմտնի։ Ամբողջությամբ չի հաջողվել ինձ։ Ընդ որում, երկրի ղեկավարը 5-րդ օրը զանգել է բանակի հրամանատարին։ Ասեմ, որ դա առաջին զանգն էր, մինչև այդ չէր զանգել»։

Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի շուրջ տեղի ունեցածին և միջադեպի վերաբերյալ քննարկումներին՝ Հակոբյանը պարզաբանում է․ «Քանի որ արգելված է եղել կողմնակի մարդկանց մուտքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև ճաշելու, իջել եմ, տեսել եմ՝ նստած է տիկին Աննան էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները։ Եվ կողքը կանգնած է Բաբայան Սամոն։ Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի միջամտություն էլ չէր տալիս, ընդամենը դիտարկում էր՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի տիկին Աննային, ասացի՝ այսպիսի տեսարժան բաներ չեն լինելու, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող են նաև հայհոյել, կաշկանդվում են ձեզնից։ Ասաց՝ լավ, մի 20 րոպե նստեց, գնաց։ Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան, եկա Պաշտպանության նախարարի մոտ, ոգևորված գալիս եմ նախարարի մոտ, ինձ հրամայում են՝ դուք այլևս չպիտի գնաք այնտեղ։ Ասում եմ՝ պատճառն ինչ է, ասում է՝ չգիտեմ։ Ո՞վ է ասում, ասում է՝ վարչապետը։ Ասում եմ՝ ինչո՞ւ եք ինձ արգելում գնալ այնտեղ, պատճառը հիմնավորեք»։

Հակոբյանը բացեց նաև իր հեռախոսը, ցույց տվեց, որ վարչապետին գրել է՝ ուղարկեք ինձ Արցախ, սիրտս պայթում է, չեմ կարողանում մնալ այստեղ։ Հակոբյանի խոսքով՝ վարչապետը նամակը չի էլ բացել։ Նա նշեց, որ զանգել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, քանի որ վարչապետն Արցախում էր, ասել է՝ թող վարչապետն իր նամակը կարդա։ «Ասացի՝ պարոն նախագահ, վարչապետը Ձեզ մոտ է, թող նամակս կարդա, որ ինձ հետ ուղարկի Արցախ։ Զանգեց, ասաց՝ վաղը Ձեզ կընդունի, հետո կգաք Ղարաբաղ։ Ուրախացա, բայց 3 օր անընդհատ զանգում եմ՝ ասում են՝ կասենք ժամը, չորրորդ օրը ասացին՝ վարչապետը Ձեզ չի ընդունում»,- նշեց նա։

Հակոբյանը պատմում է՝ հետո իրեն կանչում են, նախարարն ասում է՝ գնա, Օնիկ Գասպարյանը  քո առաջ խնդիր կդնի․ «Մտնում եմ Օնիկ Գասպարյանի մոտ, ասում է՝ Բաբայան Սամոն ասում է, որ դու գաս, կոորդինացնես գործողությունները, ես ասացի՝ պարոն Գասպարյան, սա քո գործառույթն է, և երկրորդը՝ Բաբայան Սամոն,որ ասում է՝ զուտ դրա համար ես չեմ անում, որովհետև իմ վերաբերմունքը Բաբայան Սամոյի հանդեպ առանձնահատուկ է, որովհետև պատերազմ ղեկավարելը իր խելքի գործը չէ»։

Հակոբյանը հարց է բարձրացնում․ «Ինձ հանելու պատճառը Բաբայանին խանգարե՞լն էր,թե տիկին Աննային խնդրելը՝ հրամանատարական կետից դուրս գալը»։