Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+azgeri liga 1
A A
Սպորտ

Ազգերի լիգա. Բելգիան ու Իտալիան մտան եզրափակիչ փուլ, իսկ Հայաստանը՝ B լիգա

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում կայացան վերջին՝ 6-րդ տուրի մնացած բոլոր խաղերը:

Եզրափակիչ փուլի վերջին երկու ուղեգրերը նվաճեցին Բելգիան ու Իտալիան: A լիգայի 1-ին խմբում հանդես եկող իտալացիները հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեցին Բոսնիա և Հերցեգովինային և անհասանելի դարձան իրենց հետապնդող Նիդեռլանդների և Լեհաստանի համար: 

Ընտրական 2-րդ խմբի առաջատար Բելգիան իր հարկի տակ 4:2 հաշվով ջախջախեց իր գլխավոր մրցակցին՝ Դանիային, և նույնպես մտավ եզրափակիչ փուլ: Ուժեղագույն քառյակում հանդես կգան նաև Ֆրանսիան ու Իսպանիան: Եզրափակիչ փուլը տեղի կունենա 2021թ հոկտեմբերի 6-10-ը, Իտալիայում:

A լիգայից դուրս մնացին Բոսնիա և Հերցեգովինայի, Իսլանդիայի, Շվեդիայի հավաքականները: Չորրորդ անհաջողակը պարզ կդառնա Շվեյցարիա – Ուկրաինա հետաձգված խաղի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ի ընդունած որոշումից հետո: Այդ թիմերին կփոխարինեն B լիգայի չորս խմբերի հաղթողները՝ Ավստրիան, Չեխիան, Հունգարիան և Ուելսը: Այս լիգային հրաժեշտ տվեցին Հյուիսային Իռլանդիան, Սլովակիան, Թուրքիան ու Բուլղարիան: Դրանց տեղը կլրացնեն C լիգայում հաջող հանդես եկած չորս երկրները՝ Չեռնոգորիան, Հայաստանը, Սլովենիան ու Ալբանիան:

D լիգայում իրենց խմբերում հաղթեցին Ֆարերյան կղզիների և Ջիբրալթարի հավաքականները: Դրանք կփոխարինեն C լիգայի երկու անհաջողակներին, որոնք կորոշվեն եկող տարվա մարտին նշանակված Ղազախստան – Մոլդովա և Էստոնիա – Կիպրոս անցումային խաղերում:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունը կկայանա 2022-23թթ մրցաշրջանում: