Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեզ համար կարևոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կայունությունը և անվտանգությունը մեր առաջնահերթությունն է, և մենք ունենք բավարար ներուժ այդ հարցը լուծելու համար․ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։ Ինչ վերաբերում է այսօր Փաշինյանի կողմից հրապարակված 15 կետից բաղկացած գործողությունների ճանապարհային քարտեզին, Փաշինյանն ասում է․

«Այսօր հրապարակված  ճանապարհային քարտեզում այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ։ Տեքստում գրված է, որ մեզ համար կարևոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունը, այսինքն՝ կայունությունը, անվտանգությունը և երաշխավորությունը, որ իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքին ոչինչ չի սպառնում։ Երկրորդ ուղղությունը պատերազմի հետևանքների վերացումն է, վեց ամիս հետո մենք կամփոփենք կատարված աշխատանքներն ու ըստ այդմ կորոշենք հետագա անելիքները»,- ասաց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է կառավարության նոր կազմի, ազգային համաձայնության կառավարության և գործադիրի հնարավոր կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ Բաբաջանյանի հարցադրմանը, Փաշինյանն ասաց՝ ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի համաձայնության, իսկ կառավարության նոր կազմը ներկայում քննարկվում է․

«Այս պահին կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում, շատ ավելի կարևոր է ազգային համաձայնության մթնոլորտը, մեր խնդիրն է ձևավորել համաձայնության մթնոլորտ՝ կայունության ու անվտանգության հիման վրա»։