Մեկը ասում է՝ թուրքեր կան, մեկը ասում է՝ չկան․կգնանք, կտեսնենք էլի․ արցախցիները վերադառնում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախցիները վերադառնում են Ստեփանակերտ։ Վաղ առավոտից հավաքել են իրերն ու Հայաստանի տարբեր հատվածներից մայրաքաղաք շտապել, մեծ խմբերով սպասում են տուն գնալու իրենց հերթին։
Խոստացել են՝ տներով կապահովեն, մի քանիսն էլ գնում են՝ նորից սեփական ձեռքերով իրենց ապրուստը ստեղծելու։
Վերադարձողներից մի քանիսի տներն ավերակ են, կան շուշեցիներ, հադրութցիներ, մարտունեցիներ, ստեփանակերտցիներ և Արցախի այլ բնակավայրերից տեղահանվածներ, ժամերով հերթեր են պահում, գնում են՝ թեկուզ Ստեփանակերտում ապրելու։
Տիկին Վալյան Ստեփանակերտի 50 տարվա բնակիչ է, տարբեր լուրեր է լսել, չգիտի՝ անվտա՞նգ է, թե ոչ, բայց ասում է՝ անպայման ուզում է վերադառնալ, նույնիսկ չի էլ ուզել իր տնից դուրս գալ․
«Մեկը ասում է՝ թուրքեր կան, մեկը ասում է՝ չկան, մեկը ասում է՝ սա ռուսական զորքն է, կգնանք, կտեսնենք էլի»։
9-ամյա Գոռը Մարտունիից է, այստեղ լավ է անցկացրել ժամանակը, դժգոհ չէ, բայց ուզում է վերադառնալ, ընկերներին կարոտել է․
«Այնտեղ հավես էր»,-կարճ ասում է Գոռը։
85-ամյա Ռուբեն պապն էլ Ստեփանակերտից է եկել մի քանի օր առաջ, ասում է՝ տղաներն այնտեղ են՝ բանակում, ասել են՝ ամեն ինչ լավ է, կարող են վերադառնալ, հարցնում ենք՝ ուզո՞ւմ է վերադառնալ, զարմանում է․
«Հա, տուն եմ շինել այնտեղ, խոսացել ենք, ասել են, որ լոխ լավա, մեր տանը չի դիպչել»։
94-ամյա Լուսիկ տատը տխրում է՝ իր ի՞նչ տարիքն էր այս ամենը տեսնելու ու տեղահան լինելու համար, Ռուբեն պապը հուսադրում է՝ արխային կաց, լավա լինելու։
Արցախցիները մեկնելու համար ավտոկայան էին ժամանել վաղ առավոտյան, բայց ավտոբուսներն ուշանում էին։
Կազմակերպիչներչից մեկը «Ա1+»-ի հետ կարճ զրույցում վստահեցրեց՝ շուտով ավտոբուսներ են գալու, և բոլորին ճանապարհելու են։