Բացել լրահոսը Փակել լրահոսը
125939350_1715430148619518_5113908308077646756_n
A A
Պաշտոնական

«Բժիշկ Հարութը ահազանգ է ստացել վիրավորի մասին. բայց այդ մի կյանքը չհասցրեց փրկել... անմահացավ»

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

««Մերօրյա հերոսները». Հարություն Չոբանյան

«Բժիշկ Հարութը»,- այսպես է հանրությունը բնորոշում Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ իր մասնագիտական պարտքը կատարելիս նահատակված ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանին:

«Իմ հերոս Հարութը լավ ամուսին, հայր, որդի, եղբայր ու ընկեր է եղել ու կա։ Իսկ վերջին տարիներին դրան գումարվեց նաև լավ մասնագետ՝ ռազմական բժիշկ լինելը։ Իր գործի նվիրյալ էր, սիրում էր և՛ բժշկությունը, և՛ իր հայրենիքը։ Սերն ու նվիրվածությունը հայրենիքին իր մեջ սերմանվել է դեռևս դպրոցական տարիներից, մենք նույն դասարանում ենք սովորել»,- պատմում է կինը՝ Արմինե Եղիազարյանը: Նրա խոսքով՝ ամուսինը հայրենիքի քաղցրությունը զգում էր մարմնի ամեն մի բջիջով։ Հավանաբար հենց այդ էր պատճառը, որ ընտրեց ռազմական բժիշկի մասնագիտությունը։

Ռազմական բժշկի սիրելի կերպարը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն էր։
«Անգիր գիտեր Մոնթեի մասին բոլոր փաստավավերագրական ֆիլմերը։ Երեք տարի գործուղված ենք եղել Հադրութ։ Այդ երեք տարիների ընթացքում արդեն իսկ հասցրել էր բազում կյանքեր փրկել։ Նույնիսկ դրանք հավաստող պատվոգրեր ունի։ Այս չարաբաստիկ պատերազմից առաջ արդեն ընդունվել էր օրդինատուրա։ Բայց, ցավոք, ընդամենը մեկ շաբաթ հասցրեց մասնակցել դասերին։ Երբ իմացավ պատերազմ է, անմիջապես դաշտային պայուսակը պատրաստեց։ Ժամ առաջ ուզում էր իր հասնել զինվորներին։ Ասաց՝ ես իմ գործը լավ գիտեմ, պետք է շուտ գնամ։ Երեք օր հետո նրան թույլատրեցին մեկնել առաջնագիծ»,- նշում է Արմինե Եղիազարյանը։

Ռազմական բժիշկ, ճառագայթաբան Արա Գոքորյանը՝ խոսելով գործընկերոջ մասին, նշում է, որ ռազմական բժիշկների շրջանում չգրված օրենք կա՝ բոլորն ընկեր են անկախ նրանից ճանաչում են միմյանց, թե ոչ: Նրա բնորոշմամբ՝ Հարութ Չոբանյանն իրական ռազմական բժշկի կեցվածք ուներ:
Հոկտեմբերի 1-ին 27-ամյա ռազմական բժիշկն արդեն իր սիրելի զինվորների ու ընկերների կողքին էր։ Հարյուրավոր կյանքեր էր հասցրել փրկել, մինչև այժմ էլ կինը զանգեր ու շնորհակալության խոսքեր է ստանում այդ զինվորներից ու սպաներից։

Դեպքի օրն էլ իմացել է սպասվող շրջափակման ու վտանգի մասին։ Բայց չի շտապել դուրս գալ։ Բոլորին ուղարկել է, ինքը մնացել է վերջում։ Հետո ահազանգ է ստացել վիրավորի մասին ու շտապել իր մասնագիտական պարտքը կատարելու։ Բայց այդ մի կյանքը չհասցրեց փրկել... անմահացավ։

Բժիշկ Հարութի ռազմական համազգեստով նկարը, որը լայն տարարծում է ստացել համացանցում, Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցի պատին է: Հարութ Չոբանյանը դպրոցի գերազանց առաջադիմությամբ սովորող շրջանավարտներից էր: Նախաձեռնությունը դպրոցինն ու ընկերներինն է, նկարի հեղինակը՝ Արսեն Պետրոսյանը»: