Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ունենք մի քանի հարյուր անհետ կորած, իսկ գերիների փոխանակումը կլինի դիերի փոխանակումից հետո. Փաշինյան (տեսանյութ)

Մենք ունենք մի քանի հարյուր անհետ կորած զինվոր, հույս ունենք՝ մի քանիսին կգտնենք ողջ,-այսօր հրավիրված առցանց ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է գերիների փոխանակությանը, վարչապետն ասաց՝ դա տեղի կունենա մարմինների փոխանակությունից հետո։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ սգո օր կհայտարարվի, երբ մարմինների դուրսբերման գործընթացը կհասցնեն ավարտին․ «Նաև կարևոր եմ համարում, որ մենք այս ընթացքում երաշխավորենք զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված սոցիալական երաշխիքները, նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքները, և Կառավարությունը միջոցներ ձեռնարկում է՝ այդ ամենը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»։

Ըստ վարչապետի՝ Կառավարությունը աջակցելու է նաև հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին իրենց հետագա կյանքի կազմակերպման առումով։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե փաստաթղթի ստորագրումից ոչ երկրի նախագահը, ոչ պատգամավորները տեղյակ չեն եղել, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում երկու անվտանգության խորհդի նիստ է եղել, որին մասնակցել է Հանրապետության նախագահը, նիստերից մեկին Վեհափառ հայրապետը, նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, նաև հանդիպումներ են տեղի ունեցել քաղաքական ուժերի հետ․

«Ընդհանուր առմամբ միտումների մասին նրանք տեղյակ են եղել, կոնկրետության հետ կապված նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի եղել քննարկել, որովհետև եկել է մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում, իսկ այդ որոշումը կայացվել է զինվորական վերնախավի և Արցախի քաղաքական ղեկավարության հետ քննարկումների արդյունքում»։