Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՌԴ փրկարարների խումբն ուղևորվել է Հայաստան ԼՂ-ում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով (տեսանյութ)

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդուժի հատուկ նշանակության ինքնաթիռը մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից մեկնել է Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ը` Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը հայտարարել է, որ ՌԴ ԱԻՆ կենտրոնական ապարատի մասնագետների օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետագա գործողությունները։ «Երեսուն մարդ է ուղարկվել», – նշել է Եվգենի Զինիչևը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Ռուսաստանի ԱԻՆ-ը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելուն:

Պատրաստության են բերվել նաև ՌԴ ԱԻՆ փրկարարական կենտրոնների 150 մասնագետներից բաղկացած համահավաք խումբը և 20 միավոր տեխնիկա: Տեղական բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում գերատեսչությունը պատրաստ է աերոմոբիլային հոսպիտալ ուղարկել։