Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոգոսյանը կխաղա Պորտուգալիայում

Սպորտ

Այն, որ ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը նոր մրցաշրջանից հանդես կգա Եվրոպայում, այլեւս կասկած չի հարուցում: Բանն այն է, որ եվրոպական մի քանի ակումբներ լրջորեն հետաքրքրված են նրա ծառայություններով եւ ցանկանում են ձեռք բերել բարձարահասակ (193 սմ) հարձակվողին:

Ներկայումս Խոակին Բոգոսյանը հանգստանում է Բրազիլիայում: Ուրուգվահայ ֆուտբոլիստով հետաքրքրվում են մի քանի իտալական ակումբներ, իսկ այսօր նրանց հետ պայքարի մեջ է մտել նաեւ Լիսաբոնի «Սպորտինգը»: Այդ մասին տեղեկացնում է պորտուգալական «Ռեկորդը»:

Ինչպես նշում է թերթը, Խոակին Բոգոսյանի տրանսֆերային արժեքը կազմում է 3 մլն եվրո: Նրա գործերով այժմ զբաղվում է Paco Young գործակալությանը, որը Ուրուգվայի «Սերո» ակումբից գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը:

«Սպորտինգի» մասին տեղյակ եմ հեռուստացույցի օգնությամբ, դիտել եմ թիմի մի քանի խաղերը: Այն լավ տպավորություն է թողել իմ վրա: Եվրոպա տեղափոխվելով` ես կարեւոր քայլ կկատարեմ իմ կարիերայում: Հաջորդ շաբաթ հանդիպելու եմ գործակալիս հետ, ում հետ կորոշեմ իմ հետագա անելիքները», - պորտուգալական թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է հայազգի ֆուտբոլիստը: