Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Լեռնային Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավոր է ավելի քան 8 հազար մարդ. Պուտին (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 4 հազարի, վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծման հարցով խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, ռազմական գործողությունների հետևանքով հասել է 4 հազարի, ավելի քան 8 հազարը վիրավոր է։ Փախստականների թիվը, տարբեր տվյալներով, մի քանի տասնյակ հազար է»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ավերվել են մշակութային օբյեկտներ, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցված են, հավելել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն»  բառն այլևս չի օգտագործվի:

«Հուսով եմ, որ մենք արդեն չենք օգտագործի այդ բառակապակցությունը ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»: Հուսով եմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը: Դրանցից մեկը, իհարկե, շատ արդիական է», – ասել է Պուտինն՝ անդրադառնալով հումանիտար խնդիրներին:

Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության լրացուցիչ օգնություն: