Հաղթեցին եւ կանայք, եւ տղամարդիկ
Աջակցիր «Ա1+»-ինՍեղանի թենիսի Հայաստանի կանանց հավաքականը կպայքարի առաջին տեղի համար:
Մոսկվայում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում հերթական հաղթանակները տոնեցին Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները:
Մեր թենիսիստուհիները իրենց 4-րդ մրցախաղում 3:1 հաշվով պարտության մատնեցին Շոտլանդիայի ընտրանուն: Այս հաղթանակից հետո մեր հավաքականը վաստակեց 7 միավոր եւ Շվեյցարիայի թիմի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Կոնգոյի հավաքականը, որը ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք:
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի հենց առաջատարի հետ: Հաղթանակի դեպքում մեր թենիսիստուհիները լավ հնարավորություն ունեն զբաղեցնելու առաջին տեղը եւ մտնելու հաջորդ փուլ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ տուրում մրցեց Պակիստանի ազգային թիմի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով: Այժմ մեր ընտրանին 5 միավորով գլխավորում է աղյուսակը, սակայն կորցրած միավորներով դեռեւս զիջում է Բահրեյնի թիմին, որը մեկ խաղ քիչ է անցկացրել:
Այսօր տեղի կունենան 4-րդ եւ 5-րդ տուրերի հանդիպումները: Հայաստանի հավաքականը ուժերը կչափի խմբի հետնապահ Մալավիի ընտրանու հետ, իսկ 5-րդ տուրում ազատ կմնա: Մեր թիմի գլխավոր մրցակիցները` Բահրեյնի թենիսիստները, նույնպես կմրցի երկու հետնապահների հետ: