Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Ուզբեկստան` 3:1

Սպորտ

«Հանդիպման արդյունքից, ինքնին, գոհ եմ, բայց թիմի խաղի որակից` ոչ: Առաջին խաղակեսում ֆուտբոլիստները լավ խաղ ցուցադրեցին, սակայն երկրորդում համարյա կանգնեցին, շատ քիչ էին տեղաշարժվում: Կարծում եմ, պատճառը հաշվի մեջ եղած մեծ տարբերությունն էր» - այսպես մեկնաբանեց Հայաստան - Ուզբեկստան ընկերական խաղը մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Գնահատելով մրցակցի խաղը, նա ասաց, որ Ուզբեկստանի ընտրանին ընդհանուր առմամբ բարձր վարկանիշ ունեցող հավաքական է, սակայն այս անգամ այն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ:

Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Աբրամովի կարծիքով իր թիմը շատ անվստահ սկսեց խաղը, բայց հետո ցույց տվեց այնպիսի խաղ, ինչի ընդունակ է. «Հայաստանի հավաքականը խաղասկզբում շատ մարտական էր տրամադրված, եւ դա արագ արդյունք տվեց: Մեր համար հանդիպումը շատ անհաջող սկսվեց, արագ գոլեր բաց թողեցինք, բացի այդ մնացինք 10 հոգով: Ընդմիջմանը ստիպված բացատրական աշխատանք տարանք ֆուտբոլիստների հետ: Արդյունքում երկրորդ խաղակեսում թիմն ավելի վստահ ֆուտբոլ ցուցադրեց, բայց խաղը փրկել այդպես էլ չհաջողվեց»:

Հյուրերի մարզիչը միաժամանակ ինչ-որ տեղ դժգոհ էր մրցավարությունից` գտնելով, որ գլխավոր մրցավարը սխալմամբ նշանակեց 11 մ հարվածը եւ խաղադաշտից հեռացրեց իր թիմի պաշտպանին (ի դեպ, վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ հյուրերի հայազգի պաշտպան Արտյոմ Փիլիպոսյանը): «Ես հասկացա, որ Թբիլիսին ավելի մոտ է գտնվում Երեւանին, քան` Տաշքենտը» - վերջում հումորով ասաց Վադիմ Աբրամովը (նա նկատի ուներ այն, որ խաղի գլխավոր մրցավարը Վրաստանից էր):

Հավելենք, որ Հայաստան - Ուզբեկստան ընկերական հանդիպումն ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաղթանակով` 3:1: Արդեն առաջին խաղակեսում Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը, իսկ Էդգար Մանուչարյանը կրկնապատկեց ու եռապատկեց այն: Հյուրերին միայն ընդմիջումից հետո հաջողվեց խփել պատասխան միակ գոլ: