Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Էդմոն Մարուքյանը ստեղծված իրավիճակից ելքերի մասին (տեսանյութ)

«Այս իրավիճակից մենք չենք կարող անիշխանությամբ դուրս գալ: Մեզ պետք է հստակ որոշումներ ընդունել, իսկ այդ որոշումները կարող է ընդունել ԱԺ-ն:

ՀՀ-ն խորհրդարանական երկիր է: Ես ունեմ զգացողություն, որ հենց հիմա երկրում չկա իշխանություն»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իրավիճակը լարված է եւ այս իրավիճակից պետք են ելքեր:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները Էդմոն Մարուքյանի հետ խորհրդարանում են: Խորհրդարանի շենքում են նաեւ հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ: Խորհրդարանի շենքի մոտ կանգնած քաղաքացիներին Էդմոն Մարուքյանը հորդորեց չտրվել սադրանքների, եթե այդպիսիք կլինեն եւ թույլ տալ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մտնեն խորհրդարանի շենք. «

Ես ձեզ խնդրում եմ, մի խոչընդոտեք պատգամավորների մուտքը խորհրդարան: Այս պահին միակ իշխանությունն այս խորհրդարանն է եւ միայն դուք, սիրելի հայրենակիցներ, կարող եք ապահովել պատգամավորների անվտանգ մուտքն ու ելքը: Թույլ տաք, որ խորհրդարանը հավաքվի եւ խորհրդարանը հավաքվելով կայացնի կարեւոր որոշումներ՝ ձեր ցասումը, ձեր անարդարության զգացումը թղթին հանձնելու վերաբերյալ: Այլ լուծում գոյություն չունի: Եթե խորհրդարանում քվորում չհավաքվի, մենք այստեղ ոչինչ չենք կարող անել»: Էդմոն Մարուքյանը հորդորեց՝ սթափ գնահատել իրավիճակը, քանզի երկիրը պատերազմի մեջ է, մեր հպարտություն հայոց բանակը կանգնած է դիրքերում՝ամուր, կուռ եւ մենք իրավունք չունենք այստեղ մեզ այլ կերպ պահել: Նա հորդորեց նաեւ՝ պահպանել ամենաբարձր քաղաքացիական գիտակցություն, քանզի այդպես է հնարավոր իրավիճակից դուրս գալ:

«Եթե պատգամավորները չկարողանան գալ ԱԺ շենք, եթե մենք հիմա նիստ չանենք, մենք չենք կարող որեւէ որոշում կայացնել իրավական, լեգիտիմ ճանապարհով: Իսկ ոչ լեգիտիմ ճանապարհով արված ցանկացած քայլ ապագա չի ունենա, երկիրը ավելի կմխրճի քաոսի մեջ: Մենք իրապես այն ռեսուրսներ ունեցող երկիրը չենք, որ մեզ նման շռայլություններ թույլ տանք»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հորդորելով հարգել ոստիկաններին, անվտանգության աշխատակիցներին եւ այլ կարծիք ունեցող մարդկանց: Նա կոչ արեց նաեւ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին հանգիստ գնալ խորհրդարան եւ արտահերթ նիստ գումարել, իսկ թե ի՞նչ լուծումներ կգտնվեն՝ մարդիկ կհետեւեն ուղիղ եթերից հեռարձակվող նիստում: