Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 1100 քաղաքացի. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Այս պահին հոսպիտալացման սպասում է 861 քաղաքացի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 1100 քաղաքացի, արհեստական շնչառական սարքերին միացված է 73 քաղաքացի, շնչառական սարքերի պակաս չկա․

«Իրականում մեր խնդիրը ոչ թե սարքի, այլ բուն թթվածնի դեֆիցիտն է, հիմա կա համաշխարհային դեֆիցիտ։ Մեր երկրի թթվածնային հզորությունները աշխատում են սահմանի վրա, մենք տիտանական ջանքեր ենք գործադրում, որպեսզի որևէ խափանում չլինի, փորձում ենք նաև նոր հզորություններ ձեռք բերել»։

Նախարարի խոսքով՝ աճը սպասելի էր, բայց ոչ այս թափով․ «Մենք հիմա, օրինակ, ևս 4 թթվածնի մեծ կայան ենք գնել, որը հիմա ճանապարհին է, ինչպես նաև մոտ 500 հատ թթվածնային խտացուցիչներ ենք գնել և փորձելու ենք ինչքան հնարավոր է արագ հասցնել, որպեսզի պահանջարկն ապահովենք»։

Անդրադառնալով մահճակալային ֆոնդին, նախարարն ասում է՝ սրանից ավել մահճակալային տեղ ունենալ ֆիզիկապես չենք կարող։ Հայտնեց նաև, որ կրկնավարակի դեպքերի թիվը մինչ օրս եղել է 343։ Ինչ վերաբերում է պատերազմական իրավիճակին, նախարարը վստահեցրեց՝ վիրավորների բուժօգնությունը կազմակերպվում է պատշաճ, դրան ներգրավված են տասնյակ քաղաքացիական հիվանդանոցներ Երևանում և Երևանից դուրս․

«Վիրավոր զինծառայողների բուժման որևէ մերժում կամ ուշացում չի եղել և չի կարող լինել, որովհետև մենք ունենք նաև հավելյալ պլանավորված ռեսուրսներ տարբեր զարգացումների համար»։

Հակառակորդի կողմից հիվանդանոցների թիրախավորման վերաբերյալ նախարարն ասաց՝ սա համարում են պատերազմական հանցագործություն և դատապարտում են, դիմել են նաև միջազգային կառույցներին։