Պահն է,որ արվեստագետներն օգտագործեն մշակութային զինանոցի զինամթերքը․ համերգ եկեղեցու բակում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Առավել քան երբևէ, այսօր և հիմա հավատում եմ հայոց հաղթանակած բանակի կերտվելիք հաղթանակին»։
Հաղթության զանգերի ղողանջով, Հայոց բանակի գնդերեց տեր Վարզդատ քահանա Նաջարյանի օրհնությամբ Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում մեկնարկեց բարեգործական համերգ-հանգանակությունը։
«Ա1+» հեռուստաընկերության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և մի շարք մտավորականների նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Համերգը մեկնարկեց Կոմիտաս Ասլամազյանի ժողովրդական մանրանվագներով, «Կոմիտաս» ազգային քառյակի կատարմամբ, քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանն ընդգծեց՝ մշակույթի գործիչները պետք է անեն առավելագույնը՝ բանակին ու զինվորին աջակցելու համար․
«Ես կուզեի, որ այսպիսի միջոցառումներ լինեին խաղաղ ժամանակ, էլի նվիրված մեր զինվորներին, հուսանք, որ հաղթանակը մերն է»,-եզրափակեց նա։
Պահն է եկել, որ մշակույթի գործիչներն սկսեն օգտագործել մշակութային զինանոցի զինամթերքը՝ լիարժեք դարձնելով կռիվը թիկունքում,-ասում է երգիչ, երգահան Վահան Արծրունին, ով ևս միացել էր բարեգործական համերգին․
«Հայ արվեստագետը պետք է նաև խոսի խաղաղության և պատերազմի մասին իր լեզվով»,-նշեց Արծրունին։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ջութակների խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց՝ թիկունքն էլ է առաջնագիծ դարձել․
«Մենք այստեղ ենք կռվում մեր կարողացածի չափով»։
Կռվի ու հանդարտության մեղեդիներով այսօրվա համերգին ելույթ ունեցավ նաև երգչուհի Լիլիթ Բլեյանը, Տիգրան Տեր-Ստեփանյանի հետ ակուստիկ դուետով։
«Ա1+»-ի հետ զրույցում երգչուհին ընդգծեց՝ սա ամեն մեկի անձնական պատասխանատվությունն է․
«Պետք է ցույց տալ այն գիտակցումը, որ մենք առաջնագծի տղաների իրոք թիկունք ենք»։
Համերգի ավարտին ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արթուր Կարապետյանը խոստացավ՝ սա առաջին համերգն էր, բայց համերգներ էլի կլինեն՝ զինվորի ու հաղթանակողի համար։
Հերմինե Միքայելյան