Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի պաշտոնավարումը, որի ընթացքում երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացում է արձանագրվել: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել 2019թ. Իտալիա կատարած պաշտոնական այցը և շնորհակալություն հայտնել դեսպանին՝ հայ-իտալական օրակարգի առաջմղման գործում անձնական ներդրման համար: Հայաստանում Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ հնչեցրած գնահատականի համար և նշել, որ ներդրել է առավելագույն ջանքերը հայ-իտալական փոխգործակցության մակարդակն առավել բարձրացնելու համար: Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Իտալիան համագործակցության մեծ ներուժ ունեն, և երկուստեք կարևորվում են շարունակական քայլերը դրա լիարժեք իրացման ուղղությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի շուրջ: Վինչենցո դել Մոնակոն ցավակցություն է հայտնել պատերազմական գործողությունների հետևանքով զինծառայողների ու խաղաղ բնակչության շրջանում զոհվածների կապակցությամբ և նշելով, որ ցավով է հեռանում Հայաստանից այս բարդ ժամանակահատվածում՝ վերահաստատել զորակցությունն ու բարեկամությունը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը միասնական ու վճռական է այս դժվարին իրավիճակը հաղթահարելու հարցում և միջազգային առաջադեմ գործընկերների աջակցությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Վինչենցո դել Մոնակոյին հետագա գործունեության մեջ: