Եվրոպայի լիգա. «Հայկական» թիմերը ջախջախեցին, Մխիթարյանն ու Ադամյանը գոլեր խփեցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած գիշեր կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները: «Հայկական» երկու թիմերը՝ Հռոմի «Ռոման» և գերմանական «Հոֆենհայմը», սեփական դաշտում միևնույն 5:0 հաշվով ջախջախեցին համապատասխանաբար Ռումինիայի «Կլուժին» և Չեխիայի «Լիբերեցին»:
Իտալական թիմի կազմում մեկ գնդակ խփեց Հենրիխ Մխիթարյանը: Նա չնայած մասնակցեց միայն առաջին խաղակեսին, սակայն ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, քանի որ մասնակցեց նաև ևս երկու գոլային գրոհների: Գերմանական ակումբում հանդես եկող Սարգիս Ադամյանը չնայած փոխարինման մտավ 61-րդ րոպեին, սակայն մնացած ժամանակում երկու գոլ խփել և հաշիվը դարձրեց 5:0:
«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակեց 7 միավոր և սկսեց միանձնյա գլխավորել A խմբի մրցաշարային աղյուսակը: «Հոֆենհայմը» տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և վաստակեց 9 միավոր:
Երեք տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ունեն նաև իսպանական «Վիլյառեալը» և անգլիական «Լեսթերը», որոնք միևնույն 4:0 հաշվով ջախջախեցին Թել Ավիվի «Մաքաբիին» ու պորտուգալական «Բրագային», ինչպես նաև Լոնդոնի «Արսենալը», որն իր հարկի տակ ընդունեց Նորվեգիայի չեմպիոն «Մյոլդեին» և հաղթեց 4:1 հաշվով:
Այս տուրում առաջին միավորները կորցրեց անպարտելի «Միլանը», որը սեփական դաշտում 0:3 հաշվով զիջեց «Լիլին», ընդ որում այդ խաղում բոլոր երեք գոլերը խփեց ֆրանսիացիների թուրք խաղացող Յուսուֆ Յազիչին: Պորտուգալական «Բենֆիկան» ու շոտլանդական «Ռեյնջերսը» իրար հետ գոլառատ ոչ-ոքի խաղացին՝ 3:3, և միասին կորցրին առաջին մեկ միավորը:
Երեք տուրից հետո առայժմ միավոր չեն վաստակել ուկրաինական «Զարյան», իռլանդական «Դանդոլկը», բելգիական «Ստանդարդն» ու «Գենտը», խորվաթական «Ռիեկան», բուլղարական «Լուդոգորեցը» և ադրբեջանական «Ղարաբաղը», որի մամուլի քարտուղարի նկատմամբ քրեական գործ է հարուցել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը՝ սոցցանցերում հայատյաց հայտարարություններ հրապարակելու համար:
Եվրոպայի լիգայի հաջորդ՝ 4-րդ տուրը, տեղի կունենա նոյեմբերի 26-ին: «Ռոման» կհյուրընկալվի նույն «Կլուժին», իսկ «Հոֆենհայմը»՝ «Լիբերեցին»: