Ծանոթանալուն պես կարող ենք մեր դիրքորոշումը հայտնել. Ռուստամ Բադասյանը՝ Արման Թաթոյանի՝ ՍԴ դիմումի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ռազմական դրության պայմաններում լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին և սրա վերաբերյալ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ ՍԴ դիմումին։
Բադասյանն ասաց՝ դեռ ծանոթ չէ Արման Թաթոյանի դիմումին․ «Ծանոթանալուն պես կարող ենք մեր դիրքորոշումը հայտնել։ Բայց որքան ծանոթ եմ պարոն Թաթոյանի հաղորդագրությունից, ավելի շատ բարձրացվում են իրավունքների սահմանափակման ծավալի, համաչափության հարցեր, ոչ թե ինքնին նշված սահմանափակումների իրավաչափությունը»,- ասաց Բադասյանը։
ԶԼՄ ներկայացուցիչների այն մտահոգություններին, որ սահմանափակումներն ուղիղ ազդեցություն են ունենալու խոսքի ազատության վրա, նախարարն արձագանքեց․
«Բանն այն է, որ նպատակը հենց ուղիղ ազդեցություն ունենալն է խոսքի ազատության վրա, որովհետև Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումը թույլ է տալիս, որպեսզի ռազմական և արտակարգ դրության ընթացքում խոսքի ազատությունը սահմանափակվի։ Սա առհասարակ Հայաստանում ուղղված չէ խոսքի ազատության դեմ, բայց, բնականաբար, ռազմական դրության ընթացքում խոսքի ազատության սահմանափակման կանոնակարգումներ կան։ Եվ դրանք խիստ անհրաժեշտ են ռազմական դրությունում իրավական ռեժիմն ապահովելու նպատակով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է սահմանվող տուգանքների չափին, նախարարն ասաց՝ կնայեն, կքննարկեն, անհրաժեշտության դեպքում փոփոխություն կիրականացնեն։ Ինչ վերաբերում է առաջնագիծ գնալուն, Բադասյանն ասաց՝ դեռ նման պլաններ չունի, բայց երբ անհրաժեշտությունը լինի, պատրաստ է հայրենիքին ծառայություն մատուցել․
«Իմ տեղակալը գնացել է միայնակ, մենք ունենք բազմաթիվ քրեակատարողական ծառայողներ, ովքեր զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը, ունենք հարկադիր կատարումն ապահվող ծառայություններից, այսինքն՝ ունենք մեր պլանները և ըստ այդմ գործում ենք»։
Ինչ վերաբերում է կալանավորների՝ առաջնագիծ մեկնելու ցանկությանը, Բադասյանն ասաց՝ նրանց խափանման միջոցը փոխելու դեպքում կարող են մեկնել, իսկ դա գլխավոր դատախազության տիրույթում է։ Այնուամենյանիվ՝ Բադասյանը հավելեց՝ Արդարադատության նախարարությունը կողմ է ցանկացած անձի` հայրենիքը պաշտպանելու ազնիվ մղմանը։