Մրցակիցները հայտնի են
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 21-23-ը Պոզնանում կանցկացվի ըմբշամարտի վարկանիշային մրցաշար, որի ժամանակ կխաղարկվեն 2010 թ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հայաստանից մրցաշարին կմասնակցեն 10 պատանի մարզիկներ, 5-ը հունահռոմեական ոճի ըմբշամարտի, 5-ը` ազատ ոճի մրցումներում:
Այսօր մրցասպարեզ կմտնեն ազատ ոճային ըմբիշները: Արդեն հայտնի են մեր մարզիկների առաջին մրցակիցները: 46 կգ քաշային կարգում Արտակ Հովհաննիսյանը առաջին փուլում կմենամարտի ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտերի հետ: Այս զույգի հաղթողը կհանդիպի Գեորգի Վանգելով (Բուլղարիա) - Միրջալալ Հասանզադե (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ:
54 կգ քաշային Գոռ Գրիգորյանը ուժերը կչափի բելառուսցի Կիրիլ Կանյուկի հետ, 63 կգ քաշային Սամվել Պետրոսյանի մրցակիցը կլինի Պավոլ Կմեցը (Սլովակիա), Գեւորգ Համբարձումյանինը (76 կգ)` բուլղարացի Զդրավկո Դոբրեւը: Ծանր քաշային կարգում Համլետ Աբրահամյանը նույնպես կհանդիպի Բուլղարիայի ներկայացուցչի` Դիլյավեր Զաիդի հետ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները տեղի կունենան մայիսի 22-ին: Այս մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Ալբերտ Վարդանյանը (42 կգ քաշային կարգ), Ռուդիկ Մկրտչյանը (50 կգ), Սուրեն Հասրաթյանը (58 կգ), Ասատուր Արշակյանը (69 կգ) եւ Վարոս Պետրոսյանը (85 կգ):