Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Իրավիճակը այնպիսին չէ, որպեսզի երկրում լոքդաուն հայտարարվի․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)

2021 թվականի բյուջեի նախագիծը, մեր կարծիքով, որակյալ հաշվեկշռված տեսք ունի. ներկայացված է՝ ինչ եկամուտներ ենք ունենալու, ինչ մարտահրավերներ ունենք եւ ինչ ծախսեր ենք ունենալու:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով մասնակցում էր բյուջեի քննարկմանը։

«Մեր կարծիքով, ներկայացված նախագիծը հաշվի է առնում բոլոր հանգամանքները եւ ունի ֆինանսական տրամաբանություն՝ կայուն տնտեսություն, կայուն սոցիալական վիճակ ունենալու համար: Մնացածը քննարկումները ցույց կտան»,-ասաց նա:

Հարցին, թե ռազմական դրությունն ու պատերազմը ինչպե՞ս ազդեցին իրավիճակի վրա, փոխվարչապետը պատասխանեց՝ ռազմական դրությունը տնտեսության եւ բյուջեի վրա ազդեցություն ունեցել է. «Բյուջեի մուտքերի վրա ազդեցություն ունեցավ եւ կունենա: Ըստ այդմ, պետք է մտածենք պարտքի շեմի մասին, բայց ես կարծում եմ՝ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել եւ ունենալ կայուն սոցիալ-տնտեսական վիճակ»:

Մյուս տարի Հայաստանի պետական պարտքի շեմի վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան, Մհեր Գրիգորյանն արձագանքեց․ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդքան կարեւոր չի պարտքի շեմը, որքան կարեւոր է այդ պարտքով ներգրավված միջոցները ծախսման ինչ արդյունավետություն ու նպատակ ունեն: Այո, իհարկե, պարտք վերցնելն ինքնանպատակ չի: Որեւէ մեկը չի պատրաստվում պարտք վերցնել, որ իրականացնի ծախսեր, որոնք պայմանավորված չեն իրավիճակով»:

Գրիգորյանը հավելեց՝ հնարավոր չէ, որ պարտքի շեմի փոփոխություն տեղի չունենա, բայց այդ շեմի փոփոխության արդյունքում մենք կդնենք ծախսման այնպիսի մեխանիզմներ, որոնք այդ ծախսերը կնպաստեն արդյունքների գեներացմանը։ Փոխվարչապետն անդրադարձավ հարցին, թե կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ հնարավոր է նորից լոքդաուն հայտարարվի երկրում։

Ըստ նրա՝ իրավիճակը այնպիսին չէ, որպեսզի երկրում լոքդաուն հայտարարվի․ «Դուք հետևում եք, թե ինչ է կատարվոմ աշխարհում, թե ինչ նշանակություն ունի լոքդաունը կամ չունի։ Ես չեմ կարծում, որ մեզ մոտ այսօր ունենք իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի։ Եթե անցած փորձը ամփոփենք, ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի ու հարևանն երկրների, նաև եվրոպական երկրների, ես այս պահի դրությամբ կարծում եմ, որ նման օրակարգ չենք ունենալու»:

Գրիգորյանը կոչ արեց հանրությանը պահպանել կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները՝ նշելով, որ դա ամենաարդյունավետ միջոցն է՝ այս իրավիճակից դուրս գալու համար։