Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներքին խնդիրները լուծեցին

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի որոշ թիմեր օգտվեցին խաղացանկում առաջացած կարճատեւ ընմիջումից եւ լուծեցին մի քանի ներքին խնդիրներ:

Մասնավորապես, Աշտարակի «Միկա» ակումբի ղեկավարությունը կրճատեց թիմի մարզչական շտաբը` աշխատանքից ազատելով գլխավոր մարզչի երեք օգնականներից մեկին` Սամվել Սարգսյանին: Նշենք, որ ակումբի մամուլի կենտրոնից որեւէ մեկնաբանություն չտվեցին այդ կապակցությամբ:

Իսկ ահա Երեւանի «Բանանցը» չեղյալ համարեց իր երկու լեգեոնականների` բուլղարացի Ցվետոմիր Ցանկովի եւ սերբ Դարկո Լավրիչի հետ կնքած պայմանագրերը եւ հրաժարվեց նրանց ծառայությունից: Ինչպես հայտնեցին ակումբի մամուլի կենտրոնից, թիմի գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին դժգոհ էր սերբ պաշտպան խաղից: Ինչ վերաբերում է դարպասապահ Ցանկովին, ապա նա շատ քիչ է ընդգրկվում թիմի հիմնական կազմում, քանի որ ավելի վստահ է հանդես գալիս Ստեփան Ղազարյանը, իսկ թիմում ունենալ երկու հավասարազոր դարպասապահներ ակումբի ղեկավարությունը նպատակահարմար չի գտել:

Ի դեպ, «Բանանցի» մեկ այլ լեգեոնական, նիգերիացի Օրտեգան ներկայումս չի մարզվում իմի կազմում: Նա առողջության հետ կապված խնդիրներ ունի եւ այժմ բուժման կուրսեր է անցնում: Վերջինիս ավարտից հետո պարզ կդառնա, արդյոք Օրտեգան կշարունակի ելույթները «Բանանցում», թե կվերադառնա հայրենիք: