Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Գրքի տոնավաճառ Երեւանի կենտրոնում. հասույթը կփոխանցվի հիմնադրամին (տեսանյութ)

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում կենտրոնի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է գրքի տոնավաճառ։ Տոնավաճառին մասնակցում են հայաստանյան 33 հրատարակչություն, մշակութային կազմակերպություն և գրատուն։

Նախատեսվում է, որ գրքերի վաճառքից ստացված հասույթի շուրջ 50 տոկոսը կազմակերպությունները փոխանցելու են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին: ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանի խոսքով՝ այսօր համայն հայությունը Հայաստանում, թե սփյուռքում, մեկ նպատակ ունի՝ ամեն ինչ անել Արցախյան հերոսամարտի համար․

«Նման ծրագրեր էլի կան նախարարության կողմից, երեքշաբթի թանգարանների համար էքսպո կկազմակերպենք, նորից հուշանվերներից գոյացած հասույթի 100 տոկոսը կփոխանցվի հիմնադրամին»։

«Էդիթ Պրինտ» հրատարակչության վաճառքի ու մարքեթինգի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանի խոսքով՝ վաճառքի են հանվել ոչ միայն լավ վաճառվող, այլ նաև բովանդակային առումով հետաքրքիր գրքերը․

«Այստեղ կարելի է ասել մեր հրատարակած գրքերի 60-70 տոկոսն է ներկայացված, հիմնականում՝ շարքերն են»։ Սամվելյանն ասում է՝ մարդիկ որքան շատ գնեն, այնքան շատ կլինի ներդրումը բարեգործական հիմնադրամին, որն էլ հետո կտա իր արդյունքը։

Տոնավաճառին մասնակցող «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասում է՝ սա լրացուցիչ փաստ է , որ գրքաշխարհը իր ներդրումն է ունենում այս օրերին։ Նիկողոսյանը հավելեց՝ ներկայացված են «Անտարեսի» կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում հրատարակված գրքերը, ինչպես նաև վերջին շրջանում նոր լույս տեսած գրքերը․ «Մենք մեզ մոտիվացիոն նշանաբան ենք հռչակել՝ պատերազմի յուրաքանչյուր օրը կփոխհատուցենք մեկ նոր լույս տեսած գրքով»։