Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դիրքերից ուղիղ եկեղեցի՝ պսակադրվելու․սերը՝ պատերազմի օրերին (տեսանյութ)

Նորավանքի  վանական համալիրի մոտ կանգնած զինվորական համազգեստով երիտասարդը  Ավետիքն է, դիրքերից իջել, եկեղեցի  է շտապել, հարսնացուին է սպասում:

Իսկ հարսնացուն ուշանում է․  Շիրակի մարզից է գալիս։

Ավետիքը հարսանցուին պատերազմը սկսվելուց ի վեր չէր տեսել, հանդիպումն ավելի քան սպասված էր, տեղը՝ խորհրդանշական: Սեպտեմբերի 27-ին Աննային իրենց տուն է տարել, հաջորդ օրն արդեն կամավորագրվել և  շտապել է սահման, իսկ  պատերազմի այս  թեժ օրերին որոշել է՝ պետք է եկեղեցում պսակադրվել՝ կռվող ընկերների վկայությամբ։

Ամուր թիկունքով դեպի Սուրբ խորան շտապող Ավետիքի ու Աննայի ուղրեձը հստակ է՝ խաղաղություն և միասնություն։

Ինչպես հայրենիքը, այնպես և ընտանիքը պահելը հեշտ չէ, երիտասարդներին ասում է    Նորավանքի հոգևոր առաջնորդ տեր Ներսեսը․

«Քանի որ ընտանիքը հայրենիքի մակետն է, ինչպես ընտանիքը, այնպես էլ հայրենիքը ստեղծվում է ամեն վայրկյան,  արարվում, կերտվում ու կերտվում է»։

Տեր ու հնազանդ լինելու խոստումն արդեն տրված է, Ավետիքն ու Աննան երկու մոմ են վառում, մեկ  ընտանիքի, մյուսը՝  հայրենիքի համար։

Ավետիքի հրամանատարը՝ Արմեն Սարուխանյանն, ասում է․

«Այս մի փոքր ավելի ծանր պայմաններում սա կյանքի ու հաղթանակի սիմվոլ թող դառնա, որ սրանով ենք հաղթելու, որ մահ տերմինը պիտի դուրս գա միջից»։

Հրամանատարն ասում է՝ նաև արարելով, ստեղծելով ու շատանալով պետք պատասխանել թշնամուն ու աշխարհին։  Տեր Ներսեսն էլ հավելում  է՝   սա հանկարծ խեղճության նշան  չընկալվի

«Պետք է ապացուցել, որ չնայած ամեն ինչին՝ մենք ամուսնանում ենք և ամուսնանալու ենք, բայց ի զորու ենք նաև շատ կտրուկ քայլերի»։

Ավետիքին ու Աննային հարցնում ենք՝  քանի երեխա ենք  ցանկանում  ունենալ, Ավետիքը հայտարարում է՝ առնվազն 4 տղա ,մնացածը՝ աղջիկ։

Աննան իր ամուսնուն նորից  դիրքեր է ճանապարհելու եւ անհամբեր սպասելու հաղթական վերադարձին․

«Հաղթելու ենք, եթե բոլորս միասին լինեք»,-եզրափակում է նոր պսակադրված կամավորականը։