Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրորդ ոսկին Վալենսիայից

Սպորտ

Իսպանական Վալենսիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության երկրորդ օրը մեր մարզիկները նվաճեցին երկու մեդալ:

Տղաների 56 կգ քաշայինների մրցումներում առաջին տեղը զբաղեցրեց Վլադիկ Կարապետյանը, որը երկամարտում ցույց տվեց 253 (112+141) կգ արդյունք: Նա ոսկե մեդալ նվաճեց նաեւ հրում վարժությունում: Երկրորդ տեղը զբաղեցրեց ադրբեջանցի Ֆիրուդին Գուլիեւը` 252 կգ, երրորդ` թուրք ծանրորդ Էմրե Բույուկունլուն` 249: Այս քաշային կարգում մեր մյուս ներկայացուցիչ Վարդան Միլիտոսյանը ցույց տվեց 6-րդ արդյունքը` 235 (105+130):

Ի դեպ, հրում վարժության վերջում սկանդալ հրահրեցին Ադրբեջանի պատվիրակները: Նրանք բողոքարկեցին մրցավարների կայացրած որոշումը` գտնելով, որ իրենց մարզիկը երրորդ մոտեցման ժամանակ բարձրացրել է 145 կգ ծանրաձողը, ուստի նա պետք է զբաղեցնի 1-ին տեղը, չնայած այն բանին, որ Վլադիկ Կարապետյանը դեռ եւս մեկ փորձ ուներ:

Իսկ երբ մեր մարզիկը չկարողացավ գլխավերեւում պահել 146 կգ ծանրաձողը, ադրբեջանցիները նոր հարձակում գործեցին մցավարական խմբի վրա: Նրանց հանգստացնելու համար Իսպանիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը դիմեց ոստիկանության օգնությանը: Ադրբեջանական կողմը, որպես բողոքի նշան, իր մարզիկին թույլ չտվեց մասնակցել մեդալների պարգեւատրման արարողությանը:

53 կգ քաշային աղջիկների մրցումներում Իզաբելա Յալյանը 163 (72+91) կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Նա 12 կգ զիջեց Ալյոնա Չիչխանին (Բուլղարիա):

Մեր մարզիկներից հաջորդը ելույթ կունենան 77 կգ քաշայինններ Արեն Ներսիսյանն ու Րաֆֆի Մելիքյանը, որոնք մրցահարթակ կբարձրանան վաղը, մայիսի 21-ին: