Մարտական ոչ-ոքի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ՖԻԴԵ-ի Գրան պրիի 6-րդ փուլի հերթական տուրում լարված պայքարում ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ռուսլան Պոնոմորյովի հետ:
Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը անվստահ սկսեց պարտիան եւ սկզբնախաղում մրցակցին հնարավորություն տվեց վտանգավոր գրոհ կազմակերպել թագավորական թեւում: Միջնամասում Վլադիմիր Հակոբյանը ինչ-որ չափով հավասարացրեց խաղը, սակայն ուկրաինացի շախմատիստը, չնայած սահմանափակ ուժերին, նոր վտանգավոր գրոհ ձեռնարկեց: Մեր շախմատիստը դրսեւորեց կամային բարձր հատկանիշներ եւ անսխալ պաշտպանվեց: 96-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին:
Ինը տուրից հետո Վլադիմիր Հակոբյանը 3,5 միավորով առայժմ զբաղեցնում է վերջին` 14-րդ տեղը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Պավել Էլյանովը, ով վաստակել է 5,5 միավոր: Նրանից կես միավորով ետ են մնում Պետեր Լեկոն, Դմիտրի Յակովենկոն, Շահրիյար Մամեդյարովը եւ Վուղար Հաշիմովը:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը տեղի կունենա 10-րդ տուրը: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կհանդիպի ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ, որը 4 միավորով գտնվում է 13-րդ հորիզոնականում: