Եվրոպայի լիգա. «հայկական» թիմերի վստահ հաղթանակն ու մեծ անակնկալը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրն աչքի ընկավ անակնկալներով:
Նախ, Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում չկարողացավ հաղթել բուլղարական ԲԿՄԱ-ին: Դաշտի տերերը 4-րդ րոպեին գրավեցին մրցակցի դարպասը, սակայն այն չեղարկվեց խաղից դուրս վիճակի համար, իսկ 33-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակն դիպավ դարպասաձողին: Երկրորդ խաղակեսում դարպասները նույնպես մնացին անառիկ և գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Չնայած միավորների կորստին, «Ռոման» շարունակում է գլխավորել A խմբի աղյուսակը, քանի որ զուգահեռ կայացած «Կլուժ» - «Յանգ Բոյզ» խաղում նույնպես ոչ-ոքի արդյունք է գրանցվել՝ 1:1:
Մեծ անակնկալ մատուցեցին բելգիական «Անտվերպենն» ու չեխական «Սլավիան»: Առաջինը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»՝ 1:0: Խաղից հետո անգլիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ ինքը կփոխարիներ բոլոր 11 խաղացողներին, եթե դրա հնարավորությունն ունենար:
Չեխիայի չեմպիոնը սեփական դաշտում պարտության մատնեց գերմանական «Բայերին»՝ 1:0, որն առաջին տուրում 6:2 հաշվով ջախջախել էր ֆրանսիական «Նիսին»: Վերջինս իր հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց իսրայելական «Բեեր Շևային»:
Իսկ ահա Գերմանիայի «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի անդամ Սարգիս Ադամյանը, հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց բելգիական «Գենտին»: Մեր ֆուտբոլիստը փոխարինման մտավ 68-րդ րոպեին և օգնեց թիմին խոշոր հաղթանակ տոնել: «Հոֆենհայմը» 6 միավորով գլխավորում է L խումբը:
Հայ երկրպագուներին ծանոթ Սերբիայի «Ցրվենա Զվեզդան» իր հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց Չեխիայի «Լիբերեցին», իսկ Կիպրոսի «Օմոնիան» սեփական դաշտում զիջեց նիդեռլանդական ՊՍՎ-ին՝ 1:2:
Երկու տուրից հետո երկու հաղթանակ են տարել անգլիական «Արսենալն» ու «Լեսթերը», նորվեգական «Մյոլդեն», պորտուգալական «Բենֆիկան» ու «Բրագան», նիդեռլանդական ԱԶ «Ալկմարը», իտալական «Միլանը», իսպանական «Վիլյառեալը», իսրայելական «Մաքաբին», բելգիական «Անտվերպենը» և «Հոֆենհայմը»:
Մեկնարկում երկուական պարտություն են կրել ավստրիական «Ռապիդը», իռլանդական «Դանդալկը», լեհական «Լեխը», բելգիական «Ստանդարտն» ու «Գենտը», խորվաթական «Ռիեկան», ուկրաինական «Զարյան», չեխական «Սպարտան», ադրբեջանական «Քարաբախը», թուրքական «Սիվասպորը» և բուլղարական «Լուդոգորեցը»:
Եվրոպայի լիգայի հաջորդ՝ 3-րդ տուրը, տեղի կունենա նոյեմբերի 5-ին: «Ռոման» սեփական դաշտում կընդունի «Կլուժին», իսկ «Հոֆենհայմը»՝ «Լիբերեցին»: